Ողնաշարային հիվանդություններ. հեքիմն ընդդեմ բժշկի

15:38 • 16.07.10

«Հիվանդը գալիս ա իմ մոտ, ես չեմ հարցնում որտեղդ ա ցավում։ Ես ինքս եմ գտնում հիվանդությունը։ Ինքը խոսում ա, ես եմ լսում, ես խոսում եմ, ինքն ա լսում»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արդեն 32 տարվա հայտնի հեքիմ Զաիլբեկ Մարտիրոսյանը, որը ոչ ավանդական բժշկական մեթոդներով բուժում է ողնաշարային հիվանդություններ։

Հեքիմ Զալիբեկը մի քանի գաղտնիքներ պատմեց իր մեթոդներից։ «Արջի յուղով, գառան դմակով բուժում եմ։ Մարզանքները հանձնարարում եմ, անգամ գնում յամեռ են մտնում, տեսնում են՝ ամեն ինչ նորմալ ա։ Ինձ մոտ գալիս են որպես վերջին կետ»,– ասաց հեքիմը։

Ասուլիսին մասնակցում էր նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Կարապետ Մոմջյանը, որը հակառակվեց հեքիմին՝ նշելով, թե մինչև հիվանդի խնդիրը չուսումնասիրվի, չհետազոտվի և վերջնական չհաստատվի, չի կարելի բուժում անցկացնել, քանի որ, դա, ըստ Մոմջյանի, կարող է վատ հետևանքներ ունենալ։

Երբ հեքիմն իր բուժած մի հրաշք դեպք պատմեց, թե 18 տարեկան աղջկա հոդախախտ է բուժել, որն աղջկա մոտ բնածին խնդիր է եղել, Մոմջյանն ասաց, որ 18 տարեկանում հոդախախտ հնարավոր չէ բուժել, բայց հեքիմի հետ համաձայնվեց, որ այդ տարիքում կարելի է բուժել գրիժաները, ուղղել ողնաշարի դիսկերի խախտումները։ «Էդ աղջիկը համ ամուսնացավ, համ երեխա ունի, հիմա էլ խանութում աշխատում ա»,– հպարտությամբ վրա բերեց հեքիմը։

Բժշկական կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, թե ինքը չի ժխտում, որ ժողովրդական բժշկությունն օգնում է, պարզապես մասնագետը վստահեցնում է, որ բուժումից առաջ հարկավոր է լավ հետազոտել հիվանդին։

Ողնաշարային հիվանդություններ. հեքիմն ընդդեմ բժշկի