Շուտով Հայաստանում համակարգչամոլությունից բուժող կլինիկաների կարիք կզգացվի

13:57 • 17.07.10

Պարբերաբար համակարգչից օգտվելը երեխաների մոտ առաջանում է կեցվածքի փոփոխություն՝ ողնաշարի ծռումներ և կուզ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը՝ ծնողներին կոչ անելով հեռու պահել իրենց երեխաներից համակարգչային խաղերից։

Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսային ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին։ «Համակարգիչը նյարդային համակարգի խնդիրներ է առաջացնում, կոմպյուտերամանիայով տառապող երեխաներն ու մեծահասակներն ամեն կերպ ձգտում են մնալ համակարգչի մոտ։ Նրանք տարբեր պատճառներ են գտնում, որպեսզի չանեն այս կամ այն աշխատանքը։ Գիշերները չքնելն ու համակարգչի մոտ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում»,- ընդգծեց մասնագետը։

Ըստ նրա՝ համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ և ճարպակալում։

Համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, կյանքից անջատվում և ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները։ «Ինքը մտածում է, որ այդ հերոսն է, պետք է հաղթի անպայման, սա բերում է նրան, որ այդ երեխաներն ընկերներ չեն ունենում։ Նրանց մոտ առաջանում է նոպային լարվածություն, 7-8 տարեկան երեխան ամբողջ օրը մտածում է այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են հատկապես կրակոցով խաղերը։ Երեխաները սպանությունները սովորական բան են համարում։ Կան երեխաներ, որ այնքան են խաղացել այդ խաղերը, որ ամենամոտ հարազատների մահը շատ թեթև են ընդունում, մտածում են, որ դա էլ է խաղ»,- իր մտահոգությունները հայտնեց մանկական նյարդաբանը։

Հոգեբան Մարիամ Դիլբանդյանի խոսքով՝ համակարգչային ագրեսիվ խաղերից երեխայի մոտ վարքային մոդել է ձևավորվում։ «Խաղերի երաժշտական մասը շատ ռիթմիկ է և ռոքային։ Դա ուղեղի որոշ հատվածի վրա բացասաբարար է ազդում, արդյունքում՝ նյարդերը միշտ լարված են մնում։ Ծնողը պետք է ուշադիր լինի, թե երեխան ինչ է փնտրում ինտերնետում։ Դեռահասության տարիքում ինտերետային շփումը բերում է անլիրաժեքության»,- ասաց նա։

Հոգեբանը նաև նշեց, որ Եվրոպայում արդեն ստեղծվել են հատուկ կլինիկաներ, որտեղ բուժվում են համակարգչից կախվածության մեջ գտնվող երեխաները. «Եթե այսպես շարունակվի, Հայաստանում նույնպես նմանատիպ կլինիկաներ ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա»։

Շուտով Հայաստանում համակարգչամոլությունից բուժող կլինիկաների կարիք կզգացվի