Ջոբսն iPhone 4–ի բոլոր գնորդներին պատյան կնվիրի
Apple ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը խոստացել է անվճար պատյան տրամադրել iPhone 4–ի բոլոր գնորդներին, ինչը կլուծի կապի ընդհատման խնդիրը, որը հայտնաբերվել է վերջերս շուկա դուրս բերված սարքում։ Այս մասին հաղորդում է CNN–ը։ Աքսեսուարը կստանա յուրաքանչյուր ոք, ով կգնի iPhone 4 մինչև սեպտեմբերի 30–ը, իսկ նրանց, ովքեր արդեն գնել են հատուկ պատյանը, կվերադարձնեն գումարը։
«Apple–ը կատարյալ չէ , բայց ուզում է, որ իր հաճախորդները երջանիկ լինեն»,– այսպես է սկսել Ջոբսը հատուկ այդ նպատակով հրավիրված մամուլի ասուլիսը։
Անվճար պատյանի համար հայտերն ընդունվում են ընկերության կայքում՝ սկսած հաջորդ շաբաթվանից։
Ջոբսը նաև պատմել է, որ իրենց նոր արտադրանքի գնորդների 0,55%–ն է միայն մինչև հիմա դիմել ընկերություն ալեհավաքի հետ կապված խնդիրների պատճառով։
Apple–ի ղեկավարը նաև հիշեցրել է, որ հեռախոսը գնելուց հետո 30 օրվա ընթացքում կարելի է վեերադարձնել այն խանութ և հետ ստանալ գումարը։ Այնուամենայնիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր մոդելն ավելի քիչ են վերադարձնում, քան նախորդը։ Ջոբսը տեղեկացրել է, որ երեք շաբաթվա ընթացքում իրենք վաճառել են ավելի քան 3 մլն նոր մոդելի հեռախոս։










