Գիտնականներն ահազանգում են Մեքսիկական ծոցում նոր արտահոսքի մասին
Գիտնականները գրանցել են Մեքսիկական ծոցի հորատանցքից հնարավոր արտահոսքի նշաններ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ըստ կառավարական շրջանակների անանուն աղբյուրի՝ վնասված հորատանցքի շրջանում նկատվում է դեռևս չպարզված նյութի արտահոսք։ Չի բացառվում, որ նոր պաշտպանիչ գմբեթով ծածկված հորատանցքից սկսել է մեթան դուրս գալ, ինչը կարող է շատ արագ հանգեցնել նավթի արտահոսքի վերսկսման։
Եթե գիտնականների մտավախությունները հաստատվեն, կնշանակի, որ BP-ին, այնուամենայնիվ, չի հաջողվել փակել հորատանցքը։ Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ստորջրյա աշխատանքների ժամանակ հորատանցքի վրա տեղադրվել է նոր պաշտպանիչ գմբեթ, որը, BP-ի հայտարարության համաձայն, պետք է լիովին դադարեցնի նավթի արտահոսքը մինչև օժանդակ հորատանցքերի հորատման աշխատանքների ավարտը։
BP-ն պայքարում է Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի դեմ ապրիլի վերջից, երբ Deepwater Horizon նավթային հարթակում վթար տեղի ունեցավ, ինչի հետևանքով հարթակը սուզվեց, իսկ վնասված հորատանցքից սկսեց նավթ արտահոսել։ BP-ի մասնագետների ձեռնարկած միջոցները երկարատև արդյունք չէին ապահովում, այդ պատճառով էլ ընկերությունը ԱՄՆ իշխանությունների և հասարակության սուր քննադատությանն էր ենթարկվել։










