Խոզերի աֆրիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում. խոզատերերին փոխհատուցելու մեխանիզմ դեռ չկա

15:50 • 21.07.10

Խոզերի շրջանում տարածված աֆիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկել։ Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, մարտ ամսից մինչ այսօր հիվանդության դեպքեր են արձանագրվել Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում։ Հիվանդության բռնկում եղել է միայն Տավուշում։

Հիշեցնենք, որ 2007-2008թթ. խոզերի աֆրիկյան ժանտախտը 20 հազար խոզի ոչնչացման պատճառ էր դարձել։ Ըստ մասնագետի, հիվանդության նոր բռնկման պատճառները երկուսն են. կամ վիրուսը մնացել է երկրում և դարձյալ տարածվել, կամ նորից ներթափանցել է Վրաստանից։ Բաղիյանը հիշեցրեց, որ այս հիվանդության դեմ պատվաստանյութ չկա, այն նաև հնարավոր չէ կանխարգելել։ Պայքարի հիմանական միջոցը հիվանդ կենդանիներին սպանդի ենթարկելն է և խորը թաղելը։ Մարտից մինչև այսօր հիվանդության հետևանքով ոչնչացվել է 1300 խոզ։ Դրանցից միայն 250-ն է անկել, մնացածը հարկադիր սպանդի են ենթարկվել։

Հիվանդությունը տարածվում է օդի, ջրի, կերի և շփման, ինչպես նաև վայրի տզերի միջոցով։

Ըստ Բաղիյանի՝ կառավարության կողմից հաստատվել է այս հիվանդության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, սակայն խոզատերերին փոխհատուցելու մեխանիզմները դեռ հստակեցված չեն։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը նոր տարածքներ է ընդգրկում. խոզատերերին փոխհատուցելու մեխանիզմ դեռ չկա