Հայաստանում անպտղության ցուցանիշը սարսափելի է. գինեկոլոգ-էնդոկրինոլոգ
Եթե որևէ երկրում անպտղության ցուցանիշը կազմում է 15 տոկոս, ապա, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչների, դա բժշկասոցիալական խնդրից վերածվում է համազգային խնդրի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Քաղաքային սեքսապաթոլոգիայի վերականգնողական կենտրոնի գինեկոլոգ Նունե Ասրյանը՝ նշելով, որ անպտղության բարձր ցուցանիշը նպաստում է ամուսնալուծությունների թվի աճին, կտրուկ նվազում է ծնելիության ցուցանիշը։
«Սանտե» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կոջոյանի խոսքով՝ առողջապահության նախարարությունը մինչև այսօր չի իրականացրել ապացուցողական բժշկական հիմունքներով հետազոտություններ։ Նրա խոսքով՝ երեք տարի առաջ իրենց կենտրոնը հարցաթերթիկների միջոցով հետազոտություն է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ անպտղության ցուցանիշը Հայաստանում 25 տոկոսից պակաս չէ։ «Դա սարսափելի թիվ է»,- ընդգծեց մասնագետը։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության մասնագետներն էլ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանում անպտղության ցուցանիշը նվազել է։
«Մեր ազգաբնակչությունը երեխաներին չի սովորեցնում ճիշտ սնվել, սեռական հիգիենային հետևել։ Իսկ դա հետագայում կարող է բերել անպտղության»,- ընդգծեցին մասնագետները։ Ըստ նրանց՝ ճարպակալումը ոչ միայն սրտանոթային հիվանդությունների, այլև անպտղության առաջացման պատճառ կարող է լինել։
Հայաստանում անպտղության 25 տոկոսը հորմոնալ խանգարումների, 18 տոկոսը՝ ինֆեկցիոն գործոնների, 10 տոկոսը՝ զույգերի անհամատեղելիության պատճառով է։ Կան նաև այլ պատճառներ։ Կենտրոնական նյարդային համակարգի բորբոքումները, սթրեսները, սեռավարակները, յոդի պակասը, քիմիական նյութերի ազդեցությունը անպտղությանը նպաստող գործոններ են։
Մասնագետները երիտասարդներին խորհուրդ են տալիս նախքան ամուսնանալը հետազոտվել, որպեսզի հետագայում լուրջ խնդիրների առջև չկանգնեն։ Ըստ նրանց՝ հոմոնալ խանգարումների առաջացման պատճառ է հանդիսանում նաև կանոնավոր սեռական կյանքով չապրելը։










