Չգիրանալու մոլուցքը աղջիկների մոտ լուրջ հիվանդություններ է առաջացնում

15:55 • 26.07.10

Հայաստանում անորեքսիայով և բուլիմիայով տառապողները շատ քիչ են դիմում բժշկի։ Նախորդ տարի Հայաստանում անորեքսիայից առաջին մահացության դեպքն է գրանցվել։ Բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տարեկան ընդամենը 3-4 նման հիվանդի է ինքը բուժում։

Ըստ մասնագետի՝ անորեքսիայով և բուլիմիայով տառապողներն ունեն ընդհանուր ախտանիշներ և շատ են կարևորում իրենց մարմնի քաշն ու ձևը։
Անորեքսիայով տառապողները քաշ կորցնելու համար անում են ամեն ինչ՝ օրերով ոչինչ չեն ուտում, ֆիզիկական վարժություններ են կատարում, լուծողականներ և միզամուղներ են օգտագործում, արհեստական փսխում են առաջացնում։

Անորեքսիայով տառապողները հիմնականում կանայք են և տարբերվում են թեթեև՝ նորմայից 15 տոկոսով պակաս քաշով։ Առողջ մարդկանց մարմնի զանգվածի ինդեքսը 20-25 պետք է լինի, իսկ անորեքսիայով տառապողներինը 17-ից ցածր է։

«Նրանք ունեն հոգեբանական խնդիրներ, սեփական անձի նկատմամբ ցածր գնահատական և անընդհատ ցանկանում են, որպեսզի իրենց քաշն իջնի։ Անորեքսիայով տառապողների շրջանում մահացության ցուցանիշը բարձր է, ինչը թերսնվելու հետևանք է։ Նրանց մոտ ի հայտ են գալիս սրտի թերսնուցում, ստամոքսի ցավեր, փորկապություն, ջրազրկումներ, վահանաձև գեղձի մակերիկամների խանգարումներ, սրտի ռիթմի խանգարում, գլխապտույտներ, մազաթափություն, մաշկի չորություն, եղունգների կոտրտվածություն, դաշտանի բացակայություն։ Գնալով հիվանդությունը խորանում է՝ շատ դեպքերում հանգեցնելով մահվան»,- բացատրեց մասնագետը։

Անորեքսիայով տառապողները շատ կարգապահ մարդիկ են, ունեն կամքի մեծ ուժ, ինչի շնորհիվ կարողանում են զսպել իրենց և երկար ժամանակ ոչինչ չուտել։

Ի տարբերություն անորեքսիայով տառապող հիվանդների, բուլիմիայով տառապողներն ունենում են շատակերության նոպաներ և առանց իրենց զսպելու մեծ քանակությամբ սնունդ են ուտում։ «Նրանք չեն կարողանում ղեկավարել ուտելու պրոցեսը, շատ ուտում են, հետո անցնում արհեստական մեթոդներով նիհարելու գործընթացին»,- նշեց դիետոլոգը՝ այս հիվանդներին խորհուրդ տալով օրագիր պահել և դրանում իրենց կերածի մասին գրություններ անել։

Կլինիկական հոգեբան Վիկտորիա Վարյանն էլ նշեց, որ այս հիվանդությունները մի քանի գործոններով են պայմանավորված՝ սոցիալական, կենսաբանական և հոգեբանական։ Հոգեբանական գործոնների մեջ առաջին տեղում են ընկճվածությունն ու դեպրեսիան։ Այդ հիվանդները ճնշված են, ունեն ցածր ինքնագնահատական, շրջապատից մեկուսացած են։ Նրանք իրենց միակ մխիթարանքը գտնում են սննդամթերքի մեջ։

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունները հիմնականում տարածված են զարգացած երկրներում, համարվում են կանանց հիվանդություններ, հանդիպում են հաճախ 18-20 տարեկան աղջիկների մոտ և շատ հաճախ չբեղմնավորվելու պատճառ են դառնում։

Չգիրանալու մոլուցքը աղջիկների մոտ լուրջ հիվանդություններ է առաջացնում