Բրիտանիայում կներմուծվի հանցագործությունները կանխատեսող ծրագիր
Մեծ Բրիտանիայում մտադիր են ներմուծել հանցագործությունները կանխատեսող ծրագիր։ Հանցագործությունների վայրը և ժամանակը կանխատեսող համակարգչային այդ ծրագրի փակ փորձարկումներն սկսվել են բրիտանական ոստիկանության 2 ստորաբաժանումների հիման վրա։ Այդ մասին հայտնում է «Observer» շաբաթաթերթը։
IBM համակարգչային հսկայի իրականացրած «Crush» անունը կրող համակարգը գնահատում է նախորդ ու ներկա դեպքերի միտումները, այնուհետև համակարգը տվյալ տեղեկությունը համադրում է հանցագործության ցուցանիշերի վերաբերյալ տվյալների, օպերատիվ ամփոփագրերի, կարգը խախտողների վարքագծի պարամետրերի և անգամ եղանակի տեսության հետ, ինչից հետո քարտեզի վրա որոշվում են այս կամ այն հավանական հանցագործության «թեժ կետերը», և այդ ուղղություններով էլ իրավապահ մարմինները կարող են բաշխել իրենց ռեսուրսները։
Նշենք, որ այս ծրագիրն արդեն կիրառվել է ԱՄՆ–ում, ինչի արդյունքում օրինակ Մեմֆիսում հանցագործությունների ընդհանուր մակարդակը 31%–ով նվազել է։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, IBM ընկերությունը միայն այս ոլորտում վերջին 4 տարիներին ներդրել է 11մլրդ դոլար։










