ԱՄԷ-ում BlackBerry-ն սպառնալիք են համարում ազգային անվտանգությանը

08:58 • 28.07.10

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները BlackBerry սմարթֆոնները հայտարարել են պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգությանը։

Էմիրությունների իշխանություններին անհանգստացնում է այն, որ օգտատիրոջ տվյալները պահպանվում են արտասահմանում, և ԱՄԷ-ն չի կարող դրանք վերահսկել։ Բացի այդ՝ պետության իրավասությունը չի տարածվում տվյալների պահեստարանի վրա։

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ԱՄԷ-ն առաջին անգամը չէ, որ անդրադառնում է BlackBerry-ի հետ կապված խնդիրներին։ Մեկ տարի առաջ երկրի խոշորագույն բջջային օպերատորը սմարթֆոնների 145 հազ. օգտատերերին կոչ արեց տեղադրել հավելյալ սարք, որը երրորդ անձանց թույլ կտա մատչում ունենալ հեռախոսի տվյալներին։

Բացի ԱՄԷ-ից՝ BlackBerry-ին հավանություն չեն տալիս մի շարք այլ երկրներում ևս։ Այսպես՝ Բահրեյնի Թագավորությունում օգտատերերին, որոնք տեղական նորություններով փոխանակվում են չաթի միջոցով, դատարանով են սպառնացել։ Հնդկաստանում կառավարական կազմակերպությունները նույնպես հայտարարել են, թե BlackBerry-ն սպառնում է ազգային անվտանգությանը։

BlackBerry-ի հիմնական տարբերությունը, մյուս սմարթֆոնների ու կոմունիկացիոն սարքերի համեմատ, փոստի ու հաղորդվող տեղեկատվության գաղտնագրումն է։ Շնորհիվ այդ գործառույթի՝ BlackBerry-ն շատ տարածված է կորպորատիվ միջավայրում, որտեղ պահանջվում է գրագրության պաշտպանություն երրորդ անձանց համար հասանելի լինելուց։

 

ԱՄԷ-ում BlackBerry-ն սպառնալիք են համարում ազգային անվտանգությանը