Այս տարի քննությունների ընդհանուր միջին գնահատականը եղել է 10, 4 միավորը

13:03 • 29.07.10

Այս տարվա ընդունելության քննությունների արդյունքների վերջնական ցուցակները կփակցվեն մինչև օգոստոսի 5–ը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ քննությունները հաջողված կարելի է համարել։

Ըստ նրա՝ ԿԳ նախարարի գլխավորությամբ այս օրերին իրականացվում է քննարկում՝ հնարավորինս շատ դիմորդի բուհ ընդունվելու հնարավորություն տալու վերաբերյալ։ «Պարոն Աշոտյանի դիրքորոշումն այսպիսին է՝ անել այնպես, որ հնարավորինս շատ մարդ ընդունվի»,– ասաց նա։

Գուրգեն Խաչատրյանի խոսքով՝ այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար հատկացված է եղել է 20 հազար տեղ՝ 18 հազար դիմորդի համար, շուրջ 2000 դիմորդ անբավարար է ստացել, այսինքն 20 հազար տեղի համար 16 հազար դիմորդ է այսօր մնացել։

Քննությունների ընդհանուր միջին գնահատականը եղել է 10, 4 միավորը։ Ըստ նրա՝ անցողիկ միավորների շեմի իջեցում է նկատվում մասնավորապես տնտեսագիտական բլոկում, որտեղ բալերի 5 տոկոս տատանում կլինի։

Խաչատրյանի գնահատականով՝ առաջին անգամ այս տարի քննություններն անցկացվեցին կազմակերպված։ «Երբեք այսքան կառավարվող չեն եղել դիմորդները, քան այս տարի։ Երեխաներն իրարից չէին արտագրում, ինչի արդյունքում միջին միավորը 2 բալով ցածր է եղել»,– նշեց նա։

ԳԹԿ–ն կոչ է անում այն 600 դիմորդներին, ովքեր մասնակցելով քննություններին, դեռևս չեն ներկայացրել իրենց ատեստատները, մինչև հուլիսի 30–ը ներկայացնել դրանք, հակառակ դեպքում, անգամ բարձր միավորներ ունեցողները, դուրս կմնան մրցույթից։

 

Այս տարի քննությունների ընդհանուր միջին գնահատականը եղել է 10, 4 միավորը