Սև ծովի հատակին գետ է հայտնաբերվել
Սև ծովի հատակին հայտնաբերվել է համաշխարհային օվկիանոսի միակ ստորջրյա գետը, որի երկարությունը կազմում է 37 ծովային մղոն, լայնությունը՝ կես մղոնից ավելի, իսկ հոսքի արագությունը՝ 7,5 կմ/ժ։ Գետն առաջացել է Բոսֆորի նեղուցով Մարմարա ծովի առավել աղի ջրի՝ Սև ծովի պակաս աղի միջավայր ներթափանցումով, ինչի պատճառով էլ գետի ջուրն առանձնանում է աղի չափազանց մեծ խտությամբ։ Այս ստորջրյա գետի հոսքից ձևավորված կիսախողովակը տեղ–տեղ մինչև 35մ խորություն ունի։ Այդուհանդերձ, գետի հոսող ջրի ծավալը կազմում է վայրկյանում 22 հազար խորանարդ մետր։
Անգլիական Լիդս քաղաքի համալսարանից մի խումբ գիտնականներ իրենց ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել են, եթե գետը հոսեր ցամաքով, ապա այս ցուցանիշով կհամարվեր աշխարհում 6-րդը։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, ցամաքային գետերից այս ստորջրյա գետի միակ տարբերությունն այն է, որ խոռոչ թափվելու դեպքում ջուրը պարուրաձև պտտվում է ոչ թե ժամացույցի սլաքի ուղղությամբ, ինչպես թելադրում է Կորիոլիսի ուժը Հյուսիսային կիսագնդում, որտեղ և գտնվում է Սև ծովը, այլ ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ։










