Խուսափեք արևահարումից. այն մեծացնում է քաղցկեղի հավանականությունը
«Կա մաշկի 6 տեսակ։ Հայաստանի բնակչության շրջանում հանդիպում են դրանցից 4-ը։ Մաշկի այդ տեսակների համար բացասական են արևի ուղիղ ճառագայթները»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց մաշկաբան, կոսմետոլոգ Լիլիթ Գևորգյանը՝ խոսելով ամռանն առաջացող մաշկային հիվանդությունների մասին։
Ըստ մասնագետի՝ ամռանն ի հայտ են գալիս մաշկային այնպիսի հիվանդություններ, որոնք կապված են քրտնագեղձերի, ճարպագեղձերի խնդիրների, ինչպես նաև արևահարման հետ։ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի ազգաբնակչությունը յուղոտ մաշկ ունի, ինչը ևս նպաստում է արևահարմանը։ Մուգ գույնի մաշկ ունեցողներն ավելի շատ են պաշտպանված արևահարումից, արևային տրավմաներից։
«Որքան շատ է մարդն արևահարվում, այնքան մեծ է քաղցկեղի առաջացման հավանականությունը»,– հայտարարեց մաշկաբանը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որն ապացուցված է համարում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են քաղցկեղի առաջացմանը։ Արևահարումից խուսափելու համար նա խորհուրդ տվեց ժամը 11–17–ը արևի տակ չհայտնվել, իսկ անհրաժեշտության դեպքում կրել անձրևանոց, արևային ակնոց, գլխարկ, հնարավորինս շատ հեղուկ օգտագործել։
Մաշկաբանի խոսքով՝ միջին արևահարում ստացած մաշկը կարմրում է, իսկ ծանր արևահարումն արտահայտվում է բշտիկային ցանով, որի ի հայտ գալու դեպքում մասնագետը կոչ է անում ինքնագործունեությամբ և ինքնաբուժությամբ չզբաղվել ու անմիջապես դիմել բժշկի։
Արևահարումից պաշտպանվելու համար կոսմետոլոգը կարևորեց մաշկի ճիշտ մաքրումը, խոնավեցումը և արևից պաշտպանող քսուքների օգտագործումը տնից դուրս գալուց 20–30 րոպե առաջ։










