Պահանջում են լուծել թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, World Vision Armenia-ն բաց նամակ են հղել Հայաստանի վարչապետին, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարին, կրթության և գիտության նախարարին՝ պահանջելով մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը վերջնական լուծում տալ Երևանի թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցին:
«18 հատուկ դպրոցի երեխաները ՀՀ կառավարության անգործության պատա՞ նդ» վերնագրով նամակում ներկայացվում է հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը։
2010թ. մարտի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել է թիվ 18 հատուկ դպրոցի լուծարման հարցը, քանի որ այն չի ծառայում իր նպատակին: «Իրականում այնտեղ պիտի սովորեին հատուկ կարիքներ ունեցող և իրավախախտ երեխաները` ստանալով հատուկ կրթություն և դաստիարակություն: Ներկայումս տվյալ դպրոցում հիմնականում սովորում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Դպրոցի լուծարման գործընթացն արդեն սկսվել է: Այն երեխաները, ովքեր դպրոց էին հաճախում սոցիալական խնդիրներից դրդված, կտեղափոխվեն հանրակրթական այլ դպրոցներ»,- նշվում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունում http://www.mss.am/home/show_news.php?id=319&home=0։
Ըստ բաց նամակի հեղինակների, սակայն, «դպրոցի լուծարման էպոպեան շարունակվում է, բայց հանգուցալուծում չի ստանում: Դպրոցի փակման հստակ դիրքորոշում կար 2009 թվականի ուսումնական տարին սկսելուց առաջ, սակայն դպրոցը շարունակեց աշխատել»:
Նշվում է, որ օրենսդրության խախտումով դպրոցում գրանցված երեխաները (տես՝ Կրթության տեսչության Երևանի հ. 18 հատուկ դպրոցում իրականացված ստուգման հաշվետվությունը, http://www.armedu.am/arm/files/orgs_files/Yerevani%20tiv%2018%20hatuk.doc ) շարունակում են գրանցված մնալ, չնայած նրան, որ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովը բոլոր երեխաների հետագա տեղաբաշխման վերաբերյալ առաջարկներ էր տվել:
«Առջևում սեպտեմբերի մեկն է, և անթույլատրելի է, որ դպրոցը մնա նույն լուծարվող, սակայն չլուծարված կարգավիճակում, մանկավարժական կազմը շարունակի աշխատել՝ ամեն րոպե զգալով փողոցում հայտնվելու վտանգը, երեխանների մեծ մասը գրանցված մնա այնտեղ օրենսդրության խախտումով:
Ելնելով վերոհիշյալից պահանջում ենք մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը (սեպտեմբերի 1-ը) վերջնական լուծում տալ 18 դպրոցի լուծարման հարցին»,- նշում են բաց նամակի հեղինակները:










