Ucom-ը բաժանորդներին առաջարկում է Toshiba նոթբուքեր

15:10 • 05.08.10

Հայաստանի ինտերնետի շուկայում բավականին երիտասարդ, արագ զարգացող Ucom ընկերությունը օպտիկամանրաթելային ցանցի ընդլայնմանը զուգահեռ ինտերնետի շուկայի զարգացման ուղղությամբ նոր քայլեր է իրականացնում։ Այսօր ճապոնական Toshiba ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսին Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը ասաց, որ Toshiba ընկերության հետ համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են հնարավորություն նաև ապառիկ եղանակով ձեռք բերել նոթբուք։ Ըստ նրա՝ կախված մոդելից՝ Toshiba նութբուքերը հնարավոր է ձեռք բերել 24 ամսվա ընթացքում ամսական վճարելով սկսած 11,5 հազ. դրամից։ Համակարգիչների ձեռբերման պայմանագրերը լրացվում են Ucom-ի սպասարկման կետերում և բաժանորդին ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ լինելու այցելել բանկ՝ պայմանագիր ստորագրելու համար։

Եսայանը նշեց, որ Ucom-ը առաջիկայում իր բաժանորդների համար նաև կստեղծի հնարավորություն ապառիկ եղանակով ձեռք բերելու HD հեռուստացույցներ, ինչպես նաև սովորական համակարգիչներ։ HD հեռուստացույցների միջոցով հնարավոր է օգտվել IPTV ծառայություններից, այսինքն ինտերնետի միջոցով դիտել հեռուստաալիքները։

Ըստ Toshiba Europe ընկերության ԱՊՀ և Բալթյան երկրների տարածաշրջանի գլխավոր մենեջեր Իգոր Սնիտկոյի՝ մինչև հիմա Հայաստանում հաճախ վաճառվել են օգտագործված, կամ ոչ լավ որակի նոթբուքեր, և ընկերությունը պաշտոնապես Հայաստանում ներկայացված չի եղել։ Այս համագործակցությամբ ընկերությունը փաստացի պաշտոնապես ներկայցվում է Հայաստանում։ «Մենք ունենք ագրեսիվ ծրագրեր, ցանկանում ենք դառնալ Հայաստանի համակարգիչների շուկայի առաջատարներից մեկը՝ զբաղեցնել շուկայի 15%-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ Toshiba-ն արտադրում է տարբեր մոդելների նոթբուքեր, և ցանկացած մարդ կարող է գտնել իր համար հարմար համակարգիչ։

Նշենք, որ Ucom ինտերնետ պրովայդերը այսօր մատուցում է լայնաշերտ ինտերնետի հասանելիության, ինչպես նաև IPTV ծառայություններ Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաներում։ Այս տարվա սեպտեմբերից ընկերությունը նախատեսում է ինտերնետ ծառայությունների հասանելիություն ապահովել Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի, իսկ մինչև տարեվերջ` նաև Ավանի և Նոր Նորքի բնակիչների համար։ Գալիք տարվա առաջին կիսամյակում ընկերությունը նախատեսում է օպտիկամանրաթելային մալուխային ցանցով ծածկել ողջ Երևանը։

Ucom-ը բաժանորդներին առաջարկում է Toshiba նոթբուքեր