Նոր iPhone–ի համար պատասխանատու Apple–ի ղեկավարն ազատվել է աշխատանքից

16:03 • 09.08.10

Ամերիկյան Apple ընկերության ղեկավարներից մեկը՝ Մարկ Փեյփերմաստերը, ով պատասխանատու էր նոր iPhone–ի թողարկման համար, ազատվել է աշխատանքից՝ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսի հետ ունեցած վեճից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal–ը՝ վկայակոչելով ընկերության ներքին աղբյուրները։

Բջջային հեռախոսների ու հավելվածների գծով Apple–ի ավագ փոխտնօրենը հեռացել է ընդամենը 15 ամիս ընկերությունում աշխատելուց հետո։ Apple–ի մամուլի խոսնակը չի հստակեցրել աշխատակցի հեռացման պատճառները։ Հայտնի է, որ Մարկ Փեյփերմաստերը Apple էր եկել IBM–ից։

Հաղորդվում է, որ Փեյփերմաստերը կորցրել էր Ջոբսի վստահությունը դեռ մի քանի ամիս առաջ, և այդ ժամանակից ի վեր հնարավորություն չուներ ազդելու ընկերության որոշումների վրա։ Ջոբսը նրան մեղադրում էր ստեղծագործական մտքի բացակայության համար։Նշենք, սակայն, որ վերլուծաբանների կարծիքով Փեյփերմաստերի հեռացման պատճառը նոր iPhone–ի թերություններն են։

Նոր iPhone–ի համար պատասխանատու Apple–ի ղեկավարն ազատվել է աշխատանքից