Ուկրաինացի դպրոցականներին կարգելեն կոլա և չիպս օգտագործել
Դպրոցներում և հարակից առևտրի կետերում անհրաժեշտ է արգելել գազավորված ըմպելիքների, չիպսերի և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով մթերքների վաճառքը։ Այս մասին, ինչպես հայտնում է Korrespondent-ը, ասել է Ուկրաինայի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Սերգեյ Ռիժենկոն։
«Այսօր միայն յուրաքանչյուր տասներորդ շրջանավարտն է դպրոցն առողջ վիճակում ավարտում։ Մյուսները ուսման ընթացքում ստանում են քրոնիկ հիվանդությունների փնջեր։ Այս ոչ սփոփիչ վիճակագրությունում առաջատար են մարսողական օրգանների հիվանդությունները»,- նշել է նա։
Սանիտարական բժշկի խոսքով՝ ներկայումս ուսումնական հաստատությունների ճաշարաններում ցիտրուսի և կասկածելի ծագումով երշիկի ավելցուկ կա, որոնք ավելի լավ է փոխարինել կաթնամթերքով ու մսամթերքով, որոնք պարունակում են անհրաժեշտ բոլոր նյութերն ու վիտամինները։
Մարսողական օրգանների հիվանդություններից խուսափելու նպատակով երկրի Առողջապահության նախարարությունը Կրթության նախարարության հետ համատեղ պատրաստել է մի շարք նորմատիվ-իրավական ակտեր, որոնցով արգելվում է պատվիրել, ընդունել և օգտագործել դպրոցականների համար այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են արհեստական ներկեր, արոմատիզատորներ, քաղցրացնող, համը արտահայտիչ դարձնող նյութեր և կոնսերվանտներ։










