«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Հայաստան» հիմնադրամն ու «Սինոփսիս Արմենիան» կնպաստեն Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր` նվիրված «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 2010 թվականի մրցանակաբաշխությանը, որը նախաձեռնել է «Սինոփսիս Արմենիան»: Ծրագրի ֆինանսական աջակցությունն, այս տարի ևս ստանձնել է բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Այն կազմում է 22 միլիոն դրամ:
Հուշագրում մասնավորապես նշվում է. «Հաշվի առնելով մրցանակաբաշխության կազմակերպիչների և ֆինանսավորող կողմի նախորդ տարիների համատեղ արդյունավետ եւ հաջողված համագործակցային փորձը` կողմերն առաջնորդվում են փոխադարձ վստահության, գործընկերության և գործի կարևորության բարձր գիտակցմամբ»:
«Արդեն երկրորդ տարին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իբրև հոգատար կորպորատիվ քաղաքացի, աջակցում է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» մրցանակաբաշխության նախաձեռնության իրականացմանը: Այն ուղղված է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մրցունակ լուծումներ մշակելու` Հայաստանի հնարավորությունների խթանմանը: Մեր օրերում ազգերը մրցակցում են ոչ թե ռազմի դաշտում, այլ տեխնոլոգիաների և տնտեսական հզորության հարթության վրա: Հայաստանն աշխարհում իր դիրքը պետք է ամրապնդի որպես հզոր մտավոր ներուժ ունեցող երկիր»: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրի համար մրցունակության ամրապնդման լուրջ գործոններից է, և մենք պարտավոր ենք աջակցել ազգային նշանակություն ունեցող նման նախաձեռնություններին` ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջնորդվում է այն գիտակցությամբ, որ պետք է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ոչ միայն կօգնեն մեր հասարակությանն առաջադիմել, այլև դրանց շնորհիվ նպաստավոր միջավայր կստեղծվի Հայաստանի հետագա սերունդների զարգացման համար:
«Ես համոզված եմ, որ այս մրցանակաբաշխությունը կբարձրացնի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն հայտարարած մեր երկրի հեղինակությունն ամբողջ աշխարհում: Հպարտ եմ, որ այս մրցանակաբաշխության նախաձեռնողը և կազմակերպիչը «Սինոփսիս» ընկերությունն է: Միջոցառումը լիովին համապատասխանում է մեր ընկերության որդեգրած կորպորատիվ պատասխանատվության քաղաքականությանը Հայաստանում»,- ասել է «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ավելացրել է. «Նմանատիպ մրցանակները ոչ միայն նպաստում են Հայաստանի վարկանիշի բարձրացմանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաև խթան հանդիսանում մեր մասնագետների առաջխաղացման համար»:










