Մեր երկրներն ունեն բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային hակամարտությունների կարգավորման հարցում՝ ներառյալ ուկրաինական hակամարտությունը. Պուտին

13:47 • 19.11.26

Մեր երկրներն ունեն բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում՝ ներառյալ ուկրաինական հակամարտությունը: Այս մասին Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին լիարժեք եռակողմ գագաթնաժողովին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ երեք պետություններին միավորում է ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած երկրների կարգավիճակը, այլև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեղ պատասխանատվությունը։

«Մենք կանգնած ենք եղել Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ակունքներում։ Հետևաբար, մեր ուսերին է դրված այս համընդհանուր կազմակերպության ձևավորման հետ մեկտեղ ձևավորված միջազգային իրավունքի համակարգի պահպանման և ամրապնդման խնդիրը՝ ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունն ու դրանում ամրագրված սկզբունքները»,- նշել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ կողմերը պետք է քննարկեն գլոբալ և տարածաշրջանային տնտեսական կապերը, ինչպես նաև պարենային և էներգետիկ անվտանգության հարցերը։ Անդրադառնալով տարածաշրջանային ճգնաժամերին՝ ՌԴ առաջնորդը նշել է, որ Մոսկվան, Պեկինն ու Վաշինգտոնն ունեն բազմաթիվ համընկնող շահեր։

«Մեր երկրներն ունեն բազմաթիվ համընկնող շահեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում՝ իհարկե ներառյալ նաև Ուկրաինայի հակամարտությունը։ Մենք այդ մասին խոսել ենք դեռ երեկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ, իսկ այսօր Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ մեծ ուշադրություն ենք դարձրել դրան երկկողմ հանդիպման ժամանակ»,- ասել է Պուտինը։

Նա նաև շեշտել է, որ երեք երկրներն ընդհանուր շահեր ունեն ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչության և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, մեր ժողովուրդներն ի վիճակի են նշանակալի ներդրում ունենալ աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում, եթե կառուցողական, գործընկերային ոգով համագործակցեն փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և շահերի հավասարակշռության պահպանման հիման վրա»,- եզրափակել է ՌԴ նախագահը։