Իշխանը վերադարձել է Սևան և ինքնավերականգնման գործընթացում է. բնապահպան

15:22 • 04.03.11

Սևանա լճի հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքներում արդեն դրական արդյունք կա։ Այսօր նախագահի նստավայրում ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի հետ կայացած քննարկումից հետո լրագրողներին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

«Էկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի ներկայացրած տվյալների համաձայն՝ իշխանը վերադարձել է Սևան, և կարող եմ ասել՝ արդեն ինքնավերականգնման, ինքնավերարտադրման գործընթացի մեջ է, և դա շատ լավ է»,– ասաց Դանիելյանը։ Սևանա լճի ջրի մակարդակի, ձկնատեսակների պաշարների վերականգնման և լճի ափամերձ հատվածներում կատարված վերջին երեք տարիների աշխատանքի հիմնական թերությունը Դանիելյանը համարում է այն, որ լճի ափամերձ տարածքները ոչ պատշաճ են մաքրվել և նախապատրաստվել ջրի մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ, ըստ բնապահպանի, այժմ այդ խնդիրը լուծվում է։

«Ես նաև գտնում եմ, որ շատ կարևոր է լուծել ջրավազանի բնակչության աշխատատեղերի հարցը, որպեսզի նրանց եկամուտի միակ աղբյուրը չլինի լիճը և ձուկը, ու մենք դարձյալ չունենանք գերորս, ձկնային պաշարների կորուստ»,– նշեց Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով՝ լուրջ ու համապարփակ մոնիտորինգի կարիք կա, որպեսզի լիարժեք հստակեցվեն այն խնդիրները, որոնք ունի Սևանա լիճը։ «Լճի համար և բարձրացումը, և իջեցումը սթրես է։ Իհարկե, իջեցումը շատ ավելի մեծ սթրես է, բայց բարձրացումն էլ սթրես է, և մենք պետք է անընդհատ հետևենք լճին և ինչքան հնարավոր է օգնենք իրեն»,– շեշտեց փորձագետը։

Իշխանը վերադարձել է Սևան և ինքնավերականգնման գործընթացում է. բնապահպան