Բրիտանացի բժիշկները սառեցնելու միջոցով փրկել են նորածին աղջկան

09:28 • 05.03.11

Բրիտանացի բժիշկները, սառեցման եղանակով, կյանք են «պարգևել» ապրելու հավանականություն գրեթե չունեցող մի նորածնի։

Ծննդաբերության ժամանակ ընկերքը պատռվել էր, և երեխան լույս աշխարհ էր եկել առանց կենդանության նշանի։ Առաջին 25 րոպեների ընթացքում երեխան շնչել չի կարողացել։ Ստեղծված իրավիճակում Քեմբրիջի հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել դիմել հնարավոր միակ միջոցին. երեխայի մարմնի ջերմաստիճանը իջեցրել են մինչև 33 աստիճան։ «Մենք որոշեցինք սառեցնել երեխայի մարմինը մինչև 33,5 աստիճան, այն դեպքում, երբ սովորական ջերմասատիճանը պետք է 37 աստիճան լինի։ Հետո մենք նրան փաթաթեցինք հեղուկով լցված հատուկ վերմակի մեջ՝ մարմնի նույն ջերմաստիճանը պահպանելու համար և նրան այդ վիճակում պահեցինք 72 ժամ»,– ասել է բժիշկներից մեկը։

«Մեր նպատակն էր հասնել ուղեղի շրջանում ջերմաստիճանի իջեցմանը։ Այն պետք է 34 աստիճանից ցածր լինի։ Այդպիսով ավելանում է նյութափոխանակությունը։ Դա ուղեղին օգնում է ստացված վնասվածքներից հետո ավելի արագ վերականգնվել»,– բացատրել է բժիշկներից մեկը։

Թթվածնային քաղցի պայմաններում նորածինները կամ չեն ապրում, կամ, մեծամասամբ, ծանր բարդություններ են առաջանում, որոնք լուրջ ազդեցություն են թողնում մարդու հետագա կյանքի վրա։ Այս նորածնի մոտ բժիշկներն այժմ որևէ բարդություն չեն տեսնում։

Նորածիններին փրկելու համար, մարմնի ջերմաստիճանի արհեստական իջեցման եղանակի կիրառումը, մասնագետների կարծիքով, կարող է դառնալ վերջին 20 տարիների ընթացքում բժշկության ամենամեծ ձեռքբերումներից մեկը։
 

Բրիտանացի բժիշկները սառեցնելու միջոցով փրկել են նորածին աղջկան