Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմակայանի երկրորդ ռեակտորի հովացման համակարգը շարքից դուրս է եկել

12:03 • 14.03.11

Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմակայանի երկրորդ ռեակտորի հովացման համակարգն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ավելի վաղ, Reuters գործակալությունը հայտնել էր, թե ռեակտորի հովացման համակարգը կանգ է առել, իսկ հովացնող հեղուկի մակարդակը ընկնում է։

Հիշեցնենք, որ մարտի 11–ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել «Ֆուկուսիմա1» ատոմակայանի առաջին և երրորդ էներգաբլոկներում։

«Ֆուկուսիմա1» ատոմակայանի երրորդ ռեակտորում այսօր պայթել էր ռեակատորի տակ կուտակված ջրածինը։ Ճապոնիայի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ռեակտորի պատյանը չի վնասվել։

Ատոմոկայանի առաջին ռեակտորում նմանատիպ մի պայթյուն էլ տեղի էր ունեցել շաբաթ։ Ռեակտորը և նրա պաշտպանիչ պատյանը չէին վնասվել։ Սակայն ատոմակայանի շրջակայքում ռադիացիայի մակարդակը ժամանակավորապես բարձրացել էր՝ հասնելով ժամում 1015 միկրոզիվերտի։

Երկրաշարժից հետո, իրարից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Ֆուկուսիմա 1» և Ֆուկուսիմա 2» ատոմակայաններում, հովացման համակարգի խափանման պատճառով, արտակարգ դրություն մտցվեց:

Որոշ ժամանակ անց, մասնագետները հեռացրել էին ռեակտորի պաշտպանիչ պատյանում հավաքված գազի մի մասը։ Արդյունքում, ռեակտորում ճնշումը իջել էր, պատյանի վնասման վտանգը՝ վերացել: Շուտով սակայն պայթյուն էր տեղի ունեցել։

Մարտի 11-ին, Ճապոնիայում 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ: Ուժգին երկրաշարժի հետևանքով ցունամի առաջացավ: Քիչ անց, հենց նույն շրջանում ևս մի քանի ուժգին երկրաշարժեր գրանցվեցին՝ 6,0 -ից բարձր մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն անցնում է 4500-ից:

Ճապոնական «Ֆուկուսիմա1» ատոմակայանի երկրորդ ռեակտորի հովացման համակարգը շարքից դուրս է եկել