Հայ գիտնականների հոդվածները միանշանակ հակակշիռ են ադրբեջանական քարոզչությանը. երիտասարդ գիտնական
ՅՈՒՆԵԿՈ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2008թ. Հայաստանից 540 գիտական հոդվածներ են տպագրվել միջազգային գիտական հանդեսներում, Վրաստանից տպագրվել են 328, իսկ Ադրբեջանից՝ 292 հոդվածներ: 2010թ. միայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատողների կողմից միջազգային գիտական հանդեսներում տպագրվել են 36 գիտական աշխատություններ և 138 գիտական հոդվածներ: Այսօր բանաստեղծ Արտեմ Հարությունյանի հետ համատեղ ասուլիսում այս տվյալները ներկայացրեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի երիտասարդ պատմաբանների խորհրդի նախագահ Արտակ Մաղալյանը՝ տեղեկացնելով, որ արտասահմանյան գիտական ամսագրերում տպագրված հայ գիտնականների աշխատանքները հիմնականում արցախյան հիմնախնդրի մասին են:
Մաղալյանի գնահատմամբ՝ աշխարհի հայտնի գիտական ամսագրերում տպագրվելը հայ երիտասարդ գիտաշխատողներին հնարավորություն է տալիս իրենց գիտական աշխատանքի արդյունքները ներկայացնել արտասահմանին, գիտական կապեր ձեռք բերել, ծանոթանալ միջազգային գիտական հանդեսներում եղած հոդվածներին: «Բացի այդ, եթե որևէ հայ երիտասարդ գիտնական կարողանում է միջազգային հանդեսներում հոդված տպագրել և ներկայացնել հայանպաստ տեսակետը, դա հսկայական բան է տալիս երկրին և այդ գիտնականին»,- նշեց Մաղալյանը
Պատմության ինստիտուտի ներկայացուցչի համոզմամբ՝ միջազգային գիտական հանդեսներում հայ գիտնականների հոդվածները հակակշիռ են ադրբեջանական քարոզչությանը: Մաղալյանի խոսքով՝ ադրբեջանցի հետազոտողները իրենց հոդվածները հիմնականում տեղադրում են ինտերնետում կամ էլ եթե տպագրում են միջազգային հանդեսներում, ապա դա կարողանում են անել միայն «նավթադոլարների շնորհիվ»:
«Իսկ մեր գիտնականների հոդվածները տպվում են իրենց գիտական աշխատանքի շնորհիվ և չկա նավթադոլարների հնարավորությունը: Ադրբեջանցի հետազոտողների հոդվածների մի մասը ոչ հղվում, ոչ օգտագործվում են և, կարելի է ասել, հայության ներվերը քայքայող աշխատություններ են»,- ասաց Մաղալյանը:
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանի խոսքով՝ գիտնականի համար կարևոր է ֆանտազիան, ինչպես նաև նյութական հնարավորությունները: Ըստ նրա՝ հայ գիտնականը մի քիչ ծուլացել է ցածր աշխատավարձերի, ինչպես նաև այն պատճառով, որ գիտությունը մեզանում այսօր պահանջված չէ: «Գիտության ոլորտում արմատական փոփոխություններ են պետք, թե չէ այն կդառնա մգլոտած»,- ասաց Հարությունյանը:
«Ամսական միջինը հիսուն հազար դրամ աշխատավարձ ստացող գիտնականից չի կարելի շատ բան պահանջել»,- գիտնականի նյութական վարձատրությունը կարևորեց Արտակ Մաղալյանը՝ միաժամանակ չհամաձայնելով Հարությունյանի հետ, թե հայ գիտնականները «մի քիչ ծուլացել են»:










