«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պայմանագիր է ստորագրել Բեյրութի գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի հետ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը օրերս հյուրընկալվել է Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: Ընկերության և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` բիզնեսի և կրթօջախի միջև համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:
Ինչպես և անցյալ տարի, այս տարի ևս յոթ հայ ուսանող Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանից և ութը` Հայկազյան համալսարանից Հայաստան այցելելու և ՎիվաՍել-ՄՏՍ-ում մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կստանա` ծանոթանալու ընկերության ամենօրյա գործունեությանը և այն հիմնական հմտություններին, որոնք անհրաժեշտ են ընկերության տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամբողջությամբ կհոգա ուսանողների ճանապարհային և Երևանում կեցության ծախսերը: Ուսանողները նաև կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Սփյուռքից ժամանած ուսանողներին այս ճամփորդությունը կընձեռի տեղի բնակչության ամենատարբեր շերտերի հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները Սփյուռքից ժամանած իրենց հայրենակիցներին կներկայացնեն հայաստանյան կյանքը: Այս ուսանողների համար, ինչպես ակնկալվում է, այս այցելությունը կդառնա ուսանողական կյանքի ամենավառ դրվագը և ողջ կյանքի ամենահիշարժան պահերից մեկը:










