Կանայք ավելի զգայուն են ցավի նկատմամբ, քան տղամարդիկ. Եզրակացրել են գիտնականները
16 կնոջ և 16 տղամարդու գլխուղեղի մագնիսառեզոնանսային անալիզը գիտնականներին այն համոզմանն է հանգեցրել, որ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, ավելի սուր են ընկալում ցավի զգացումը։ Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը, հետազոտության արդյունքները կներկայացվեն Բիրմինհեմում այսօր կայանալիք Բրիտանական գաստրոէնթերոլոգիական միության ամենամյա նստաշրջանում։
Ցավագին զգացումների սպասման ժամանակ կանանց մոտ մեծ ակտիվություն է ցուցաբերում գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է «սպասվելիք ցավի զգացումից խուսափելու շարժման նախապատրաստման ու պլանավորման համար» և քիչ ակտիվություն՝ այն հատվածը, որը պատասխանատու է վախի զգացումի համար։
Ցավ զգալիս կանանց գլխուղեղում միախառվում են զգացմունքների ու վախի համար պատասխանատու հատվածները, իսկ տղամարդկանց մոտ նկատվում է հակառակ պատկերը։










