Մարտի 19-ին սուպերլուսին չեք տեսնի. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

15:49 • 16.03.11

Լուսնի մոտեցումը Երկրին, որը սպասվում է մարտի 19–ին, ոչ արտառոց, ոչ էլ վտանգավոր երևույթ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ օրը որևէ տարբերություն չի նկատվի մյուս օրերի համեմատ։ «Այդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա, ոչ մի բան չի լինելու, դուք ինքներդ որևէ բան չեք տեսնելու։ Նայելու եք երկնքին ու ոչինչ չեք տեսնելու։ Այն սուպերլուսինը, որ ասում են, գոյություն չունի։ Այդ օրը պարզապես լուսինը միջինից 4000 կմ–ով ավելի մոտ է լինելու Երկրին»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Լուսնի մոտենալը Երկրին աստղագիտության տեսակետից ամենաշարքային ու բնական երևույթներից է, ինչը պատմության մեջ պարբերաբար եղել է ու դեռ կլինի։ «Իր շարժման ընթացքում Լուսինը մոտենում է Երկրին մեկ պտույտի ընթացքում և հեռանում։ Այն կետը, որը ամենամոտն է Երկրին, կոչվում է մերձերկիր, այն կետը, որը ամենահեռուն է, կոչվում է հեռերկիր»,– բացատրեց մասնագետը։

Հարցին, թե հնարավոր է մարտի 19–ին սպասվող իրադարձությունն ազդեցություն ունենա մարդկանց առողջական վիճակի վրա, Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ հիմնականում մարդիկ առողջության փոփոխություններ են ունենում Արեգակի ակտիվության ժամանակ, մինչդեռ Լուսնի դեպքում «որևէ մեկը հաստատ որևէ բան չի կարող ասել»։

Երկրին Լուսնի մոտենալու հետևանքով ցունամիների հնարավորության հարցի մասին աստղադիտարանի տնօրենը նշեց, որ այդ երևույթը կարող է փոքր ինչ ավելացնել ջրի մակընթացության մակարդակը, բայց դրա հետևանքով չեն կարող ցունամիներ առաջանալ, քանի որ, նրա խոսքով, ցունամիների առաջացումը պայմանավորված է երկրի սեյսմիկ իրավիճակով։

Մարտի 19-ին սուպերլուսին չեք տեսնի. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն