Pepsi-ն էկոլոգիապես մաքուր շիշ է ստեղծել
Աշխարհում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության PepsiCo խոշորագույն ընկերությունը մարտի 15-ին ներկայացրել է իր առաջին շիշը, որն ամբողջությամբ պատրաստված է բուսական ծագման, այլ ոչ թե սինթետիկ նյութերի հիման վրա։
«Կանաչ» շիշը պատրաստված է բիոլոգիական հումքից՝ սոճու կեղևի ու եգիպտացորենի թեփի համադրությամբ։ Ընդ որում՝ շիշն արտաքնապես ոչնչով չի զիջում պլաստիկե շշին։ Էկոլոգիապես մաքուր շշի արտադրությունը, ինչպես կարծում են PepsiCo-ում, թույլ կտա զգալիորեն կրճատել մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը։
Ընկերությունը հայտնել է, որ նոր շշի արտադրությամբ իրենք երկար տարիներ են զբաղվել, և դա PepsiCo-ին արժեցել է միլիոնավոր դոլարներ։ Նոր տարայով ըմպելիքների արտադրությունը ընկերությունը նախատեսում է արդեն 2012թ.։










