Facebook-ը գնել է բջջային հեռախոսների ոլորտում աշխատող իսրայելական ընկերությունը
Սոցիալական Facebook ցանցը գնել է Snaptu բջջային հեռախոսների համար նախատեսված ներդիրներ ստեղծող իսրայելական ընկերությունը։
Գործարքի չափը չի նշվում, սակայն իսրայելական The Marker պարբերականի տվյալների համաձայն՝ այն կազմում է 60–70 մլն դոլար։ Սպասվում է, որ գործարքը կիրականանա մի քանի շաբաթվա ընթացքում։
Snaptu–ի ամենահայտնի համանուն ներդիրը հնարավորություն է տալիս բյուջետային բջջային հեռախոսների միջոցով օգտվել համացանցային ծառայություններից, ինչպես օրինակ Twitter և Google Picasa ընկերություններն են։
2011–ին իսրայելական ընկերությունը մշակել է հատուկ ներդիր՝ Facebook ցանցի մատչման համար։ Ընդ որում, ըստ Snaptu–ի, այդ ներդիրը կարող է համապատասխանել բջջային հեռախոսների ավելի քան 2500 մոդելներին։
Սպասվում է, որ նոր գնման միջոցով Facebook–ը հնարավորություն կունենա ավելացնել լսարանը։
Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը կազմում է ավելի քան 500 մլն։ Միևնույն ժամանակ բջջային հեռախոսներից օգտվում է մի քանի միլիարդ մարդ։










