Google-ի որոնումները` ամենաթանկ բրենդների վարկանիշում
Բրիտանական Brand Finance ընկերությունը կազմել է 2011թ. 500 ամենաթանկ բրենդների վարկանիշը: Ցուցակը գլխավորում է Google որոնողական հսկան, որը $44,3 մլրդ արժողությամբ իր բրենդով առաջ է անցել անգամ Coca-Cola-ից: Վերջինիս բրենդն արժեզրկվել է $9 մլրդ-ով և հայտնվել 16-րդ հորիզոնականում` արևմտյան երկրներում սպառողական վարքագծի մոդելի փոփոխության հետնապատկերին, որտեղ նախապատվությունը տրվում է ոչ գազային ըմպելիքներին: Երկրորդ հորիզոնականում այս տարի հայտնվել է Microsoft-ը ($42,8 մլրդ), մինչդեռ նախորդ տարի այն հինգերորդն էր: Վարկանիշի նախկին առաջատար Wal-Mart-ն այս տարի երրորդ հորիզոնականում է: Ընկերության բրենդն արժե $41,37 մլրդ:
Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, թոփ-10-ում հիմնականում ներկայացված են ամերիկյան ընկերություններ` բացառությամբ հինգերորդ հորիզոնականում հայտնված բրիտանական Vodafone-ի. այն աշխարհում հեռահաղորդակցային ամենաթանկ բրենդն է` $30,67 մլրդ: Նախորդ տարի վարկանիշի թոփ-10-ում, Vodafone-ից բացի, ընդգրկված էին բրիտանական HSBC-ն (2011թ.` 11-րդ հորիզոնական` 2010թ. 8-րդի փոխարեն) և ճապոնական Toyota ավտոկոնցեռնը (2011թ.` 14-րդ հորիզոնական` 2010թ. 10-րդի փոխարեն): Ամերիկյան ընկերություններն առաջին քսանյակում, ընդհանուր առմամբ, զբաղեցնում են 13 տեղ:
Բրիտանական British Petroleum նավթային ընկերության բրենդն արժեզրկվել է $3,4 մլրդ-ով և հայտնվել է թոփ-500-ի 104-րդ հորիզոնականում:
Apple-ը նախորդ տարվա ցուցանիշը բարելավել է 11 հորիզոնականով` այս տարի հայտնվելով 8-րդ տեղում ($29,5 մլրդ): iPad պլանշետնիկների արտադրողի հաջողությանը նպաստել է արդյունավետ դիզայնը, հաճախորդային լոյալ բազայի առկայությունը և գրագետ մարքեթինգը:
Տարվա ընթացքում ամենամեծ կորուստներն արձանագրել է Nokia-ն. նրա բրենդն արժեզրկվել է շուրջ $9,9 մլրդ-ով: Բջջային հեռախոսների և հեռահաղորդակցային սարքավորումների ֆիննական արտադրողի շուկայական խնդիրները պայմանավորված են ամերիկյան Apple-ի հաջողություններով: Ըստ Brand Finance-ի` մյուս կողմից` Microsoft-ի հետ համագործակցությունը Nokia-ին շուկայում դիրքերն ամրապնդելու հույսեր դեռ ներշնչում է:
Brand Finance-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Հեյը (David Haigh) նշում է, որ վարկանիշում աճի տասը առաջատարներից հինգը տեխնոլոգիական ընկերություններ են, ինչը ևս մեկ անգամ փաստում է տեխնոլոգիական նորարարությունների ներդրման կարևորությունը` բրենդի կայուն աճի ապահովման տեսանկյունից:
2011թ. վարկանիշի «նորեկը» Facebook սոցցանցն է, որն իր $3,7 մլրդ արժողությամբ բրենդով հայտնվել է թոփ-500-ի 281-րդ հորիզոնականում: Ըստ Brand Finance-ի` չնայած խոշորագույն սոցցանցի մոնետիզացիայի հետ կապված վիճելի հարցերին` բրենդի հանրաճանաչությունը, ինչպես նաև ընկերության` նոր շուկաներ գրավելու արդյունավետությունը կասկած չի հարուցում:
«Տեխնոլոգիական բրենդների աճը լիովին սպասելի է, սակայն Nokia-ի անկումը ցույց է տալիս, թե որքան բարդ է այդքան դինամիկ կերպով զարգացող ոլորտի ավանգարդում մնալը»,- ասել է Հեյը:
Նշենք, որ վարկանիշի ռուսական հատվածը ներկայացնում են «Սբերբանկը», «Գազպրոմը» և «Բիլայնը»:










