Apple -ի նախկին մենեջերը նոր սոցիալական ցանց է ստեղծել
Ամերիկյան Apple ընկերության նախկին մենեջեր Բիլ Նգուենը նոր` Color սոցիալական ցանց է ստեղծել, որն աշխատում է սմարթֆոնների միջոցով և օգտատերերի մասին բոլոր տվյալները հանրամատչելի է դարձնում: Նախագիծն ամերիկյան ներդրումային հիմնադրամներից արդեն 41 մլն դոլար է ներգրավել:
Color անվճար ներդիրը համացանցում հայտնվել է օրերս: Այն սմարթֆոնների օգտատերերին օնլայն ռեժիմով հնարավորություն կտա փոխանակել լուսանկարներ, տեսահոլովակներ, ինչպես նաև հաղորդագրություններ գրել միմյանց:
Color ցանցի հիմնադիր Բիլ Նգուենը հայտնի է նաև որպես ժամանակին Lala երաժշտական կատարումների օնլայն վաճառքի հիմնադիր, որը հետագայում 80 մլն դոլարով վաճառել էր Apple-ին, այնուհետև մոտ կես տարի աշխատել ընկերությունում:
Այս անգամ Նգուենի նպատակն է ստեղծել սոցիալական ցանցի նոր տեսակ: Նրա խոսքերով` օրեցօր ավելի շատ տեղեկատվություն հասանելի է դառնում ռեալ ժամանակի ռեժիմով համատեղ օգտագործման համար, այդ պատճառով մարդիկ պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք պատրաստ են ապրել “բաց” աշխարհում:
Նոր սոցիալական ցանցն աշխատում է iPhone-ի և Android համակարգով աշխատող ցանկացած սարքավորման միջոցով:










