Gmail-ում հայտնվել է խոսող ռոբոտ
Google ընկերությունը թողարկել է Google Talk Guru փորձնական ծառայությունը, որը օգտագործողի հարցերին պատասխանող ռոբոտ է: Այն օգնում է որոնել, իմանալ եղանակի տեսությունը, դրամի փոխարժեքը և այլն:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ռոբոտն աշխատում է ոչ միայն Google Talk-ում, այլ նաև Gmail էլ-փոստում: Ֆունկցիան միացնելու համար պետք է ռոբոտին չաթ հրավիրել՝ guru@googlelabs.com հասցեով: Այնուհետև «գուրուին» հնարավոր կլինի ուղարկել մի շարք հրամաններ, որոնց ցուցակին կարելի է ծանոթանալ՝ մուտքագրելով help բառը:
Դեռևս ռոբոտը հասկանում է միայն անգլերեն. օրինակ՝ «score arsenal» ասելու դեպքում այն կցուցադրի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի խաղերի ամսաթվերը: Իսկ «weather Yerevan» ասելու դեպքում՝ ցույց կտա եղանակը: Սակայն ռոբոտի հետ ուղղակի զրուցել չի ստացվի, քանի որ այն դեռևս կարողանում է միայն մշակել արդյունքներն ու որոնել դրանք:










