Էլեկտրոնայինը կհաղթի տպագրին ընդամենը երկու տարի անց

09:41 • 02.04.11

Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Ալեքսանդր Շնայդերը գրում է` արդեն ոչ ոք չի կասկածում, որ գրահրատարակության ապագան պատկանում է էլեկտրոնային գրքերին: Այս մասին նշում են ոչ միայն փորձագետներն ու թվային սարքավորումների արտադրողները, այլև նրանք, ում համար դեռ ոչ վաղ անցյալում տպագիր գրքերի վաճառքը գլխավոր բիզնեսն էր: ԱՄՆ-ի Barnes&Noble գրավաճառային խոշորագույն ցանցի նախագահ Մարկ Փերիշը հայտարարել է, որ էլեկտրոնային գրքերն իրենց տարածվածությամբ տպագիր գրքերին կգերազանցեն արդեն 2013թ.:

Վերջին վիճակագրությունը հաստատում է Փերիշի առաջարկը: Ըստ Forrester խորհրդատվական ընկերության հետազոտության` ընթերցողների 30%-ը տպագիր գրքերին զուգահեռ արդեն օգտվում է էլեկտրոնայիններից: Ընկերությունը կանխատեսում է, որ ընթացիկ տարում էլեկտրոնային ռիդերների սեփականատերերի թիվը կկազմի 18 մլն (համեմատության համար նշենք, որ 2009թ. վաճառվել է 900 հազ. սարքավորում): Ըստ «Ամերիկացի հրատարակիչների ասոցիացիայի» տվյալների` հունվարին էլ. գրքերի վաճառքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են ավելի քանի երկու անգամ:

Տպագիր գրքերի ժողովրդականությունը շեշտակի անկում է ապրում. որոշ կատեգորիաներում վաճառքներն անկում են ապրել ավելի քան 30%-ով:

«Գրքի շուկայի ներկայիս փոփոխությունները համանման են այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան երաժշտության և կինոֆիլմերի հետ հինգ տարի առաջ` միակ բացառությամբ, որ գրքերի հետ այս գործընթացը տեղի է ունենում շատ ավելի արագ»,- ասում է Փերիշը` մատնանշելով Amazon-ի օրինակը. արդեն անցած տարվա կեսին նրա օնլայն խանութում էլ. գրքերն ավելի հայտնի են դարձել, քան կոշտ կազմով գրքերը: Հետ չի մնում նաև Apple-ը. ինչպես iPad2-ի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրել է Սթիվ Ջոբսը, iBookstore օնլայն խանութի բացման պահից ի վեր (շուրջ մեկ տարվա ընթացքում)` ներբեռնվել է ավելի քան 100 մլն գիրք:

Ամերիկյան Publishers Weekly ամսագրի հաղորդմամբ` ԱՄՆ-ի գրավաճառական երեք խոշոր ցանցերի վաճառքներն անցած տարի անկում են ապրել 3,5%-ով: Փետրվարին իրեն սնանկացած է հայտարարել ԱՄՆ-ի Borders գրավաճառական ցանցը: Ընկերությունն արդեն հայտարարել է իր 643 ընկերություններից 200-ի փակման մասին, և սա միայն սկիզբն է:

Փորձագետների համոզմամբ` կարևոր դերակատարություն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Borders-ի մոտ իսպառ բացակայում է ներդրված թվային ռազմավարությունը: Համեմատաբար լավ իրավիճակում է գտնվում ամերիկյան շուկայի առաջատարը` Barnes&Noble-ը` հիմնականում շնորհիվ իր Nook էլ. ռիդերի:

Իսկ որպես հետևանք` հետաքրքիր պայքար է ծավալվում նաև հարակից շուկաներում: Պլանշետային համակարգիչները սպառողի համար պայքարում, ըստ էության, «նեղում» են էլ. ռիդերներին: Ըստ Cooper Murphy ընկերության հետազոտության` iPad-ի սեփականատերերի ավելի քան 40%-ն այն օգտագործում է գրքերի ընթերցանության համար:

Իսկ էլ. ռիդերների շուկան դեռ «ողջ» է` պլանշետնիկների հետ առկա գնային տարբերության շնորհիվ: Ամենահայտնի ռիդերը` Amazon Kindle-ը, ԱՄՆ-ում արժե ընդամենը $139, իսկ ամենաէժան iPad-ը` $499: Սակայն արդեն առկա են երկու սարքավորումների միջև մերձեցման տարրեր: Առաջին ազդանշանը Barnes&Noble-ի Nook Color ռիդերի գործառնական համակարգի` մոտ ապագայում խոստացված թարմացումն է` մինչև Android 2.2: Զարմանալի չէ, որ ի հայտ են եկել կանխատեսումներ Amazon-ի կողմից լիարժեք պլանշետի ստեղծման մասին, որը կոչված է փոխարինելու Kindle-ին:

«Կապիտալ» օրաթերթ

Էլեկտրոնայինը կհաղթի տպագրին ընդամենը երկու տարի անց