Հորդանանում 70 մետաղական գիրք է հայտնաբերվել, որոնք հնարավոր է՝ քրիստոնեական հնագույն փաստաթղթեր են

13:35 • 02.04.11

The Christian Science Monitor պարբերականում տպագրված հոդվածի հեղինակ Ջեֆրի Մակդոնալդը, վկայակոչելով բրիտանացի եգիպտագետ Դևիդ Էլկինգթոնին, նշել է, որ «կապարե թղթերի վրա հին եբրայերենով և արամեերենով գրված և ծածկագրված գրքերը դարեր շարունակ պահվել են հորդանանյան հեռավոր քարանձավում, մինչև որ դրանք մոտ 5 տարի առաջ հայտնաբերեց ճամփորդող մի բեդվին»։

Նրա խոսքերով՝ էջերի վրա խաչերի պատկերն ու մետաղի անալիզը ցույց են տվել, որ գտածոն հնարավոր է՝ վաղ քրիստոնեական տեքստեր լինեն, որոնք անգամ ավելի վաղ են գրվել, քան Նոր կտակարանի որոշ ձեռագրեր։
Սակայն մյուսներն այդքան էլ համոզված չեն դրանում։

Biblical Archaeology Review պարբերականի խմբագիր Հերշել Շանքսի խոսքերով՝ բոլոր առկա վկայությունները ցույց են տալիս, որ քրիստոնյաները մինչև 4–րդ դար չեն օգտագործել խաչը որպես խորհրդանիշ, իսկ մետաղի անալիզը ստույգ արդյունքներ չի տվել։

Հաղորդվում էր, որ ձեռագրերը պահվում են իսրայելցի բեդվինի մոտ, որը պնդում է, որ դրանք ավելի քան 100 տարի պատկանել են իր ընտանիքին։ Էլկինգթոնը, սակայն, հերքում է այդ պնդումը՝ հայտնելով, որ նրանք ապօրինի դուրս էին բերվել Հորդանանից այն բանից հետո, երբ վերջերս հայտնաբերվել էին քարանձավում։

Սակայն որոշ տվյալների համաձայն՝ Հորդանանն օրենքի շրջանակներում փորձում է վերադարձնել ձեռագրերը. ըստ օրենքի՝ պետությունն իրավունք ունի իր տարածքում հայտնաբերված հին հուշարձանների սեփականատերը հանդիսանալ։

Հորդանանում 70 մետաղական գիրք է հայտնաբերվել, որոնք հնարավոր է՝ քրիստոնեական հնագույն փաստաթղթեր են