Facebook–ին դատի են տվել՝ հրեաներին սպանելու կոչերի համար
Ամերիկյան Freedom Watch իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Լարի Քլեյմանը դատարանից պահանջել է Facebook սոցիալական ցանցից ու նրա գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգից 1 մլրդ դոլար գանձել՝ հրեաներին ոչնչացնելու կոչեր պարունակող էջը ոչ ժամանակին հեռացնելու համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Այս գործով առաջին լսումները նշանակված են հուլիսի 1–ին՝ Կոլումբիայի շրջանի Գերագույն դատարանում։
Քլեյմանի հայցի համաձայն՝ Facebook–ը հատուկ է ձգձգել «3–րդ ինթիֆադա» էջի հեռացումը՝ մերձավորարևելյան հակամարտության հաշվին իր լսարանը մեծացնելու համար։
Էջի հեղինակները արաբերեն լեզվով կոչ են արել սկսել «պաղեստինյան 3–րդ ինթիֆադան»՝ գրավված տարածքների ազատագրման նպատակով Իսրայելի դեմ ընդվզումը։
Ավելի ուշ, Իսրայելի տեղեկատվության նախարար Յուլի Քդելշտեյնին Facebook –ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին խնդրել էր հեռացնել այդ էջը, որտեղ զետեղված էին հրեաներին սպանելու կոչերով բազմաթիվ մեկնաբանություններ ու տեսագրություններ. այդ պահին ցանցային խմբի ամդամների թիվը հասել էր ավելի քան 500 հազարի։
Facebook–ի ադմինիստրացիան նշել է, որ չնայած «ինթիֆադա» բառի առկայությանը՝ այն բողոքի խաղաղ արտահայտման կոչ էր անում։










