Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը մեծացել է. վերլուծություն
Circle.am և «Բիզնես-24» նախագծերը հանրությանն են ներկայացրել «Ինտերնետը Հայաստանում» հերթական՝ վեցերորդ զեկույցը, որում ներկայացված են 2010-11 թթ. ձմռան ամիսներին Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Դրանք փաստում են, որ և՛ ավելացել է ինտերնետ այցելությունների քանակը, և՛ խորացել է շուկայի խոշորացման միտումը։
Ըստ զեկույցի՝ 2010թ. փետրվարի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված էր 1000 կայք, մեկ տարի անց արդեն այդ թիվը հասել է 1811-ի (աճը՝ 81.1%): Ընդ որում՝ միայն ձմռան երեք ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցվել է 308 նոր կայք: 2010 և 2011 թթ. փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակն աճել է 92.42%-ով, իսկ էջերի դիտումներինը` 61.09%-ով: Circle.am-ում ձմռան երեք ամիսների ընթացքում արձանագրվել է և այցելությունների, և էջերի դիտումների աճ: Դեկտեմբերին այցելությունների քանակը կազմել է 15 556 698, հունվարին` 15 780 019, փետրվարին` 16 840 788: Փետրվար ամսվա տվյալների համեմատությունը 2010թ. նոյեմբերին արձանագրված ցուցանիշների հետ ցույց է տալիս, որ այցելությունների թիվն աճել է 16.68%-ով։
2011թ. փետրվարին հայաստանյան ինտերնետային այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 50.82%-ը, այնինչ 2010թ. նոյեմբերին սույն ցուցանիշը կազմել է 45.8%, օգոստոսին` 44.1%, մայիսին` 41.2%, մարտին` 39%:
Զեկույցի համաձայն՝ հայաստանյան ինտերնետ պրովայդերների մեջ անփոփոխ առաջատար Beeline ընկերությունը ձմռան ընթացքում կտրուկ առաջընթաց է գրանցել, որի մասնաբաժինը 2011թ. փետրվարի դրությամբ հասել է 44.14%-ի:
Երկրորդ տեղում Orange-ն է, որի մասնաբաժինը փետրվարին կազմել է 18.58%: Ըստ զեկույցի՝ փետրվարի վերջին 12 ամիսների կտրվածքով առաջին անգամ արձանագրվում է Orange-ի մասնաբաժնի նվազում, սակայն դա միայն ամանորյա տոների հետևանք է:
Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, Orange-ին վերջին ամսվա ընթացքում հաջողվում է, աճի բավական արագ տեմպեր զարգացնելով, մնալ բջջային ինտերնետի բացարձակ առաջատար:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Նրա մասնաբաժինը փետրվարի վերջին կազմել է 9.1% ( նվազել է 1.09%-ով): Զեկույցի փորձագետները փաստում են, որ չնայած անկմանը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շարունակական ներդրումները բջջային ինտերնետի ոլորտ խոսում են այն մասին, որ ժամանակի ընթացքում ընկերությանը կհաջողվի շտկել գործերի վիճակը: Առաջատար տասնյակում տեղ զբաղեցրած մյուս յոթ պրովայդեր ընկերությունների (Ucom, ADC, Arminco, Cornet-AM, iCON, GNC, Bionet) գումարային մասնաբաժինը կազմել է 16,5%։ Զեկույցում ներառված տեղեկանքի համաձայն՝ պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես և մեծ հաճախականությամբ թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են Circle.am-ի տվյալների բազա:
Ըստ զեկույցի՝ վերջին 12 ամիսների (2010թ. փետրվար- 2011թ. փետրվար) տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ տեղի է ունենում ոլորտի խոշորացման բավական ինտենսիվ գործընթաց: Եթե 2010թ. փետրվար ամսվա արդյունքներով՝ առաջին 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 91.62%-ը, ապա այս տարվա փետրվար ամսին սույն ցուցանիշը կազմել է 94.59%:
Խոշորացման միտումն ավելի հստակ է երևում առաջին տասնյակը կազմող պրովայդերների ցուցանիշների համեմատության արդյունքում: Այսպես, եթե 2010թ. փետրվար ամսին առաջին 5 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 72.58%-ը, ապա այս տարվա փետրվարի դրությամբ ցուցանիշը կազմում է 83.45%: Ընդ որում, եթե 2010թ. փետրվարին հեռահաղորդակցության ոլորտի «եռյակին» բաժին էր ընկնում 62.44%-ը, ապա 2011թ. փետրվար ամսվա արդյունքներով՝ ցուցանիշը կազմել է 71.82%:










