Նոր TV՝ Google-ից YouTube-ի եթերում
Google որոնողական հսկան մտադիր է YouTube տեսապորտալի միջոցով մրցակից ստեղծել մալուխային ավանդական հեռուստատեսությանը: Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal-ը` վկայակոչելով Google-ին մոտ կանգնած աղբյուրները:
Ըստ թերթի` Google-ը մոտ ապագայում մտադիր է հայտնի տեսահոսթինգում որոշակի փոփոխություններ կատարել` նրա աշխատանքները կենտրոնացնելով մի շարք հատուկ ալիքների ուղղությամբ: Ըստ Google-ի` սա YouTube-ի այցելուներին կհարկադրի ավելի շատ ժամանակ անցկացնել կայքում:
Թերթի հաղորդմամբ` ընկերությունը մտադիր է շուրջ 20 ալիք ստեղծել և դրանք բաժանել ըստ թեմաների` սպորտ, արվեստ, քաղաքականություն և այլն: Վերոնշյալ ալիքներն օնլայն կհեռարձակվեն օրական մի քանի ժամ, իսկ թողարկումները կպատրաստեն հեռուստատեսային մասնագետները: Ակնկալվում է, որ նոր ալիքների եթերում հաճախ կօգտագործվեն YouTube-ում արդեն շրջանառվող տեսահոլովակները: Ըստ թերթի` Google-ը մտադիր է բացառիկ հաղորդումների ոչ թանկ կոնտենտի համար ավելի քան $100 մլն ծախսել:
Հիշեցնենք, որ անցած ամսվա սկզբին YouTube-ը հայտարարել էր, թե մտադիր է իր աշխատակիցների հաստիքները 30%-ով ավելացնել: Կայքի տնօրինությունը հայտարարել էր 200 նոր աշխատատեղի ստեղծման մասին: Ի դեպ` աշխատակիցների նման քանակը կայքի 6-ամյա պատմության մեջ ռեկորդային կլինի:










