Android-ը` շուկայի առաջատար. Symbian-ի տեղը այն կգրավի 2014թ.

08:00 • 12.04.11

Փորձագետները վերանայել են սմարթֆոնների գործառնական համակարգերի շուկայի վերաբերյալ իրենց կանխատեսումները. եթե նախկինում նրանք նախապատվությունը տալիս էին Symbian գործառնական համակարգին, ապա ներկայում առաջին հորիզոնականում է Android գործառնական համակարգը: Նշենք, որ մինչև 2010թ. աշունը ամերիկյան IDC և Gartner ընկերությունները կանխատեսում էին, որ Symbian գործառնական համակարգը սմարթֆոնների շուկայում առաջատարի իր դիրքերը կպահպանի մինչև 2014թ.: Մյուս կողմից` Symbian-ի մասնաբաժինը, ըստ IDC-ի, կնվազի և 2014թ. կկազմի 32,9%` 2010թ. 40%-ի համեմատ: Ըստ ամերիկյան ընկերությունների նախորդ կանխատեսման` Symbian-ին հաջորդում էր Android-ը` 2014թ. 24,6% մասնաբաժնով, BlackBerry-ի գործառնական համակարգը` 17,3%-ով, iOS–ը` 10,9%-ով և Windows Mobile-ը` 9,8%-ով:

IDC-ի և Gartner-ի կանխատեսումների փոփոխությունը պայմանավորված է սմարթֆոնների շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխություններով: Մասնավորապես` ֆիննական Nokia-ի` Symbian գործառնական համակարգը Windows Phone 7-ով փոխարինելու որոշմամբ:

Ըստ Gartner-ի նոր կանխատեսման` 2015թ. բջջային հեռախոսների գործառնական համակարգերի շուկայի շուրջ կեսը (48,8%) բաժին կընկնի Google ընկերության Android գործառնական համակարգին: Շուկայում երկրորդ տեղը կզբաղեցնի Windows Phone-ը (19,5%), որին կհաջորդեն iOS-ը (17,2%) և BlackBerry-ի գործառնական համակարգը (11,1%): Ավելին` Gartner-ի փորձագետների կարծիքով` Android-ը սմարթֆոնների շուկայի շուրջ կեսը կզբաղեցնի արդեն 2012թ. վերջին, իսկ Symbian-ը ընթացիկ տարում կկորցնի անցած տարվա առաջատարի իր դիրքերը և շուկայի 19% մասնաբաժնով կզբաղեցնի երրորդ տեղը: 2015թ. Symbian-ի մասնաբաժինը կնվազի` կազմելով մինչև 0,1%:

Ըստ Gartner-ի գլխավոր փորձագետ Ռոբերտա Կոզայի` Android-ի մասնաբաժնի մեծացումը պայմանավորված կլինի ցածր և միջին գնային կատեգորիայի սարքավորումներում նրա մասնաբաժնի մեծացմամբ:

Gartner ընկերության կանխատեսմամբ` ընթացիկ տարում սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալները 2010թ. համեմատ 57%-ով կավելանան և կկազմեն 468 մլն միավոր, իսկ 2015թ. սմարթֆոնների մատակարարումները կկազմեն շուրջ 1 մլրդ: Մինչդեռ ըստ IDC-ի` 2011թ. սմարթֆոնների համաշխարհային վաճառքը կավելանա 49%-ով և կկազմի 450 մլն:
 

Android-ը` շուկայի առաջատար. Symbian-ի տեղը այն կգրավի 2014թ.