Ճապոնական բիզնեսը լքում է հայրենիքը

08:00 • 13.04.11

Երկրաշարժի և ցունամիի հետևանքով Ճապոնիայի տնտեսության կրած վնասը Տոկիոյի` նախորդ ամսվա պաշտոնական կանխատեսումներից ավելի մեծ կլինի: Երեկ նման հայտարարություն է արել Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Կաորու Յոսանոն: Նշենք, որ մարտին Ճապոնիայի կառավարությունը երկրաշարժի վնասը գնահատել էր շուրջ $300 մլրդ: Բացի այդ` երեկ Ճապոնիան «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի վտանգի մակարդակը հինգից բարձրացրել է մինչև յոթ, ինչը առավելագույն սահմանն է:

Երկրաշարժի հետևանքով զգալիորեն տուժած ճապոնական ընկերությունները, առերեսվելով էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատման խնդրին, վերանայում են իրենց արտադրության կառուցվածքը` մատակարարումների ներքին շղթայից իրենց կախվածությունը թուլացնելու նպատակով: Ըստ ամերիկյան The Wall Street Journal-ի` կորպորատիվ Ճապոնիան արտադրական այլընտրանք է փնտրում իր սահմաններից դուրս:

Ճապոնիայի արդյունաբերական հատվածը զգալի վնասներ է կրել. տուժել են մի շարք ձեռնարկություններ, ենթակառուցվածքներ, ընկերությունների մեծաթիվ աշխատակիցներ, բացի այդ` էլեկտրաէներգիան ատոմային ճգնաժամի հետևանքով մատակարարվում է ընդհատումներով: Թեև ընկերությունների արտադրական հզորությունները, ընդհանուր առմամբ, կվերականգնվեն, սակայն, ըստ թերթի, բարդ է կանխատեսել, թե այդ ընկերություններն ինչ խնդիրների կառերեսվեն հետագայում, քանի որ վերջին մեկ ամսում ունենալով ռեսուրսների անբավարարություն` նրանք իրենց արտադրության կառուցվածքը դիվերսիֆիկացնում են ոչ հօգուտ Ճապոնիայի: Ընդ որում` ավանդական ճապոնական ընկերությունները ևս «հայացքներն» ուղղում են դեպի արտասահման:

Ըստ Ճապոնիայի էկոնոմիկայի նախկին նախարար Հեյզո Տակենակայի` ցունամին և երկրաշարժը մեծացնում են այն բանի ռիսկը, որ մի շարք ընկերություններ իրենց ձեռնարկությունները կտեղափոխեն Ճապոնիայից: Նրա կարծիքով` 1995թ. Կոբեի երկրաշարժից հետո Ճապոնիան ավելի արագ է վերականգնվել, քան կանխատեսում էին փորձագետները: Տակենական, մյուս կողմից, նշում է, որ վերջին երկրաշարժի` Ճապոնիային հասցրած վնասը ավելի մեծ է. այս աղետի հետևանքով Ճապոնիան կորցրել է իր կապիտալի շուրջ 5%-ը, մինչդեռ Կոբեի երկրաշարժի ժամանակ այս ցուցանիշը 2% է եղել:

Ըստ թերթի` ներկայում իրավիճակն ավելի է բարդանում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռադիացիոն վարակի տարածման հետևանքով: Բացի այդ` ներկայում Ճապոնիայի պարտքային ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, իսկ շուկայական մրցակցությունը` ավելի սուր:

Ըստ միջազգային AlixPartners-ի համատնօրեն Կառլ Ռոբերտսի` արտադրության տեղափոխումը բարդ խնդիր է` հատկապես եթե այն վերաբերում է տեխնոլոգիական արտադրանքին, քանի որ դա պահանջում է որակավորված կադրերով համալրված անձնակազմ, հատուկ սարքավորումներ և արտադրական համապատասխան բազա: Նրա կարծիքով` մյուս կողմից` մատակարարումների ընդհատման խնդրին առերեսված բոլոր ընկերությունները կմշակեն երկարաժամկետ ծրագրեր` առկա ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Նշենք, որ ճապոնական ավտոարտադրող Nissan Motor-ն իր թողարկման ընդհանուր ծավալի մեջ Ճապոնիայի մասնաբաժինը կրճատել է մինչև 25%: Ի դեպ` դեռ անցած տարի ընկերությունը Micra մոդելի արտադրությունը տեղափոխել էր Թաիլանդ: Երկրաշարժից հետո Nissan-ը մտադիր է ակտիվացնել արտերկրում իր արտադրությունը: Այս ամսվա սկզբին ընկերությունը հայտարարել է, թե մտադիր է ԱՄՆ-ի Թենեսի նահանգում արտադրվող V6 շարժիչներ ներկրել` փոխհատուցելու Ճապոնիայի Իվակի շրջանում գտնվող իր ձեռնարկություններից կատարվող մատակարարման վնասները: Ըստ թերթի` այդ գործարանում աշխատանքները կվերականգնվեն հաջորդ շաբաթ, սակայն նախատեսվում է, որ այն սկզբնապես կգործարկի իր հզորությունների 50%-ը:

Մի շարք փորձագետների կանխատեսմամբ` ճապոնական խոշոր ավտոատրադրող Toyota-ն Ճապոնիայի իր մի շարք գործարանները կփակի, թեև ընկերությունում նշում են, որ նման ծրագրեր չկան:

Ի դեպ` երկրաշարժից մեկ ամիս առաջ Toyota-ն Ճապոնիայի Միյագի շրջանում ավարտել է իր նոր` հավաքման 17-րդ ձեռնարկության շինարարությունը: Այստեղ արտադրական գործընթացը երկրաշարժի հետևանքով դադարեցվել էր, ինչի հետևանքով ընկերությունը հարկադրված է վերանայել իր ծրագրերը:

«Կապիտալ» օրաթերթ

Ճապոնական բիզնեսը լքում է հայրենիքը