Անհրաժեշտ է ոլորտը համալրել երիտասարդ մասնագետներով. ԳԱԱ-ն գումարել է տարեկան ընդհանուր ժողով
Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները։ Ժողովին մասնակցեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը։
Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, որ վերանայման կարիք ունի Ակադեմիայի անդամների ընտրության համակարգը։ Անհրաժեշտ է նաև, որպեսզի ոլորտը համալրվի երիտասարդ մասնագետներով։ Նա նշեց, որ նախորդ տարվա ընտրություններում ակադեմիայի նոր անդամներ դարձան վաստակաշատ և արժանի գիտնականներ, ովքեր գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական գործերով։ Ռադիկ Մարտիրոսյանը, սակայն, քննադատեց այն գիտնականներին, ովքեր չկարողացան հաղթել այդ ընտրություններում, սակայն մեղքն իրենց մեջ փնտրելու փոխարեն այն բարդում են ակադեմիայի ղեկավարության վրա։ «Այդ պահվածքը հարիր չէ այն մարդուն, ով ուզում է ակադեմիայի անդամ դառնալ։ Այդ մարիկ մեղքը իրենց մեջ փնտրելու փոխարեն ակադեմիայի կառուցվածքի մեջ են փորձում փնտրել»,- վրդովված ասաց Մարտիրոսյանը։
Նշենք, որ ԳԱԱ համակարգում այսօր աշխատում է 4056 մարդ։ Նախորդ տարի պետբյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսսավորումը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, ինչն, ըստ գիտնականների, թեև քիչ է, սակայն 300 մլն-ով ավելի է 2009-ի ֆինանսավորումից։
Իր ելույթում ԳԱԱ նախագահը կարևորեց Ակադեմիայի մասին նոր օրենքը, որն արդեն ԱԺ-ի կողմից ընդունվել է։ Նա նշեց, որ 2010թ. Ակադեմիայի գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների բարձր գիտական մակարդակը։ Այդ է վկայում արտասահմանյան բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում տպագրված աշխատությունների թիվը։










