ԱՄՆ–ի խանութներում մսամթերքը վարակված է ստաֆիլոկոկով
ԱՄՆ–ի խանութներում մսամթերքի մի մասը վարակված է ստաֆիլոկոկով։ Նման եզրակացության են եկել Արիզոնա նահանգի Գենոմիկայի հետազոտական ինստիտուտի փորձագետները։ Նրանք ուսումնասիրել են Չիկագոյի, Լոս Անջելեսի, Վաշինգտոնի, Ֆլեգսթաֆի և Ֆորտ–Լոդերդեյլի մթերային խանութներում գնված տավարի, հավի, խոզի և հնդկահավի մսի կենսաբանական բաղադրությունը։
«Մեր անցկացրած թեստերը վկայում են, որ մեր երկրում մսի մեծ մասը վարակված է դեղամիջոցների հանդեպ կայուն ստաֆիլոկոկով»,–ասել է հետազոտության հեղինակներից Փոլ Քայմը, որի խոսքերով՝ չնայած վերցրած նմուշների փոքր քանակությանը՝ հետազոտությունը անցկացվել է ինչպես մեծ, այնպես էլ փոքր քաղաքներում, ինչը վկայում է դրա օբյեկտիվ լինելու մասին։
«Այժմ մնում է պարզել, թե դա ի՞նչ վտանգ է ներկայացնում սպառողների համար»,–հավելել է Քայմը։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС–ը, ստաֆիլոկոկը հանդիպում է առողջ մարդկանց 25 տոկոսի մոտ։ Արիզոնայի մասնագետների կարծիքով՝ դրա պատճառը ամերիկյան ֆերմաների և մթերային ձեռնարկությունների բավարար չափով ստերիլ չլինելն է։
Հետազոտության տվյալների համաձայն, որը մանրամասնորեն կհրատարակվի «Կլինիկական վարակիչ հիվանդություններ» ամսագրում, ստուգված մսի 2 տոկոսի մեջ հայտնաբերվել է հակաբիոտիկի հանդեպ կայուն ստաֆիլոկոկ, ինչը կարող է այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են թոքաբորբն ու անեմիան։










