Philips-ը հեռուստացույց չի արտադրի. նրա փոխարեն այն կարտադրեն հոնգկոնգցիները
Կենցաղային էլեկտրոնիկայի խոշոր արտադրող նիդեռլանդական Royal Philips Electronics-ը կդադարեցնի սեփական ուժերով հեռուստացույցների արտադրությունը և կհանձնի այն հոնգկոնգյան TPV Technology ընկերությանը: Վերջինիս հետ Philips-ն արդեն ձեռք է բերել համաձայնություն, ըստ որի` կստեղծվի համատեղ ձեռնարկություն, որի բաժնետոմսերի 70%-ը կպատկանի TPV Technology-ին, իսկ 30%-ը` Philips-ին: Ստեղծվելիք ձեռնարկությունը պատասխանատու կլինի Philips հեռուստացույցների նախագծման, արտադրության, դիստրիբուցիայի, մարքեթինգի և վաճառքների համար ողջ աշխարհում` բացառությամբ Չինաստանի, Հնդկաստանի, Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի մի շարք երկրների:
Գործարքի մասին համաձայնագիրը նախատեսված է ստորագրել ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում, իսկ գործարքը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Ընդ որում` համատեղ ձեռնարկությունը հնարավորություն կստանա օգտագործել Philips բրենդը հինգ տարվա ընթացքում:










