iPhone-ը «լրտեսում է» տիրոջը

15:11 • 21.04.11

Բրիտանացի փորձագետներ Փիթ Վորդենը և Ալասդեր Ալլանը հայտնաբերել են, որ Apple-ի iPhone-ները ֆիքսում են հեռախոսատիրոջ կոորդինատները օրվա ցանկացած պահի՝ չտեղեկացնելով նրան այդ մասին, հաղորդում է NEWSru.com-ը։
Հետազոտողները նշում են, որ պաշտոնապես չհայտարարված ֆունկցիան առաջին անգամ հայտնաբերվել է iOS 4 օպերացիոն համակարգում, որը թողարկվել է 2010թ. հունիսին։

Նրանց խոսքերով՝ հատուկ ծրագրի միջոցով այդ տվյալները կարելի է օգտագործել՝ քարտեզի վրա հեռախոսի և դրա տիրոջ տեղը որոշելու համար։

Ամեն անգամ iPhone –ի կամ iPad-ի պահեստային տվյալների պահպանման կամ սինքրոնացման ժամանակ հավաքված տեղեկությունները նաև պատճենվում են համակարգչում։

Հեռախոսի տեղաշարժի մասին տվյալները մնում են այն սարքում կամ համակարգչում, որով այն սինքրոնացվում է։ Ընդ որում տեղեկատվությունը անընդհատ հավաքվում է և ընդմիշտ պահպանվում. եթե մարդը iPhone 3G-ից հետո գնել է սմարթֆոնի նոր տարբերակ՝ iPhone 4, դրանում կպատճենվեն նրա նախկին տեղաշարժերի տվյալները։

Վորդենը և Ալլանը նաև ստեղծել են ծրագիր (առայժմ միայն Mac համակարգիչների համար), որը թույլ է տալիս տեսանելի դարձնել գտնվելու վայրի մասին սարքի հավաքած տեղեկությունները։

Տեսականորեն «լրտեսական ֆունկցիան» հնարավորություն է տալիս բոլորին՝ խանդոտ ամուսնուն, մասնավոր խուզարկուին կամ իրավապահ մարմիների աշխատակիցներին պարզել, թե որտեղ է եղել հեռախոսատերը օրվա որոշակի ժամին։

iPhone-ը «լրտեսում է» տիրոջը