Շարժիչների կայծամոմերը հնարավոր է՝ շուտով փոխարինվեն լազերով
Առաջիկայում ավտոմեքենաների շարժիչների վառելիքային խառնուրդի մեջ հնարավոր է՝ կայծամոմի (свеча зажигания) փոխարեն օգտագործեն լազեր, հավաստիացնում են գիտնականները։
Գիտնականները լազերներին և էլեկտրաօպտիկական սարքավորումներին նվիրված համագումարում մայիսի 1–ին կներկայացնեն արդեն մշակված այդպիսի լազերներ։
Կայծամոմերը լազերով փոխարինելն ավելի արդյունավետ կդարձնի շարժիչի աշխատանքը և կնվազեցնի շրջակա միջավայրում արտանետումների քանակը, քանի որ վառելիքային խառնուրդի ավելի մեծ քանակություն կայրվի։
Ներկա պահին լազեր արտադրողները բանակցություններ են վարում կայծամոմեր արտադրողների հետ, հայտնում է «Բի–Բի–Սի»–ն։
Ի դեպ, ստեղծվելու պահից (մոտ 150 տարի առաջ) գրեթե փոփոխության չենթարկված կայծամոմերը լազերով փոխարինելու գաղափարը նոր չէ, սակայն այն իրական դարձավ, երբ տարածում գտան փոքր լազերները։










