Facebook-ում կհայտնվի նոր կոճակ՝ Send
Facebook սոցիալական կայքում կհայտնվի նոր կոճակ՝ Send («Ուղարկել»), հաղորդում է TechCrunch-ը։ Նոր ծառայությունը, սակայն, հասասնելի կլինի միայն նրանց, ովքեր խմբեր ունեն Facebook-ում։
Send կոճակն ունեն միայն 50 հայտնի կայքեր, որոնց թվում է, օրինակ, The Washington Post թերթի կայքը։ Այս ֆունկցիայի օգնությամբ սոցկայքի օգտատերերը կկարողանան հղումներ ուղարկել առանձին մարդկանց, մի խումբ մարդկանց էջերի վրա, կամ որևէ էլեկտրոնային հասցեի։
Մեկ տարի առաջ Facebook-ում հայտնվեց Like կոճակը, որը նույնպես թույլ է տալիս օգտատերերին ցույց տալ իրեն դուր եկած էջը սոցկայքում՝ առանց մուտք գործելու սեփական հաշիվ։ Նման ձևով տվյալ հղումը ավտոմատ կերպով հասանելի է դառնում բոլոր «ընկերների» համար, մինչդեռ Send կոճակով կարելի է տեղեկատվություն փոխանցել միայն սեփական ընտրությամբ ընկերների։
Send կոճակի հետ մեկտեղ կլինեն նաև այլ նորություններ։ Մասնավորապես դրանցից մեկը վերաբերում է անցյալ ամիս գործարկված Questions («Հարցեր») ֆունկցիային։ Այսուհետ օգտատերերը հնարավորություն կունենան խմբի ներսում պահվող հարցերը դուրս հանել ընդհանուր էջ։
Բացի այդ խմբի նոր անդամներին այսուհետ կկարողանա հաստատել միայն խմբի ադմինիստրատորը։ Մինչ այս, խմբի բոլոր անդամները կարող էին խումբ հրավիրել այլ մարդկանց։
Facebook-ի ղեկավարության խոսքերով՝ այժմ սոցիալական կայքում գրանցված է 50 մլն խումբ, որոնց մեծ մասը ակտիվ են։










