Խորվաթական կղզին կարող է Ֆեյսբուք վերանվանվել
Խորվաթական կղզիներից մեկը կարող է վերանվանվել՝ ի պատիվ Facebook սոցիալական ցանցի։ Կղզուն նոր անվանում տալու գաղափարը պատկանում է Խվար քաղաքի քաղաքապետ Պյերինիո Բեբիչին։ Քաղաքը տեղակայված է համանուն կղզու վրա։ Այդ մասին հայտնում է Croatian Times պարբերականը։
Հրատարակության տվյալով՝ Բեբիչն արդեն նամակ է ուղարկել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ կղզու հնարավոր վերանվանման վերաբերյալ խնդրանքով։ Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է վերջինիս ամառային արձակուրդների ժամանակ գալ ու իր հանգիստն անցկացնել Ադրիատիկի ամենաարևոտ կղզում։
Եթե Ցուկերբերգը համաձայնի Բեբիչի առաջարկին, ապա Ֆեյսբուք կանվանվի Պակլենի կղզեխմբից ևս մեկը՝ Վելի Վոդնյակ անվանումով փոքրիկ կղզյակը։
Խվարի քաղաքապետն ու բնակիչները հույս ունեն, որ վերանվանումից հետո կղզին ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը կգրավի։
Croatian Times-ը նշում է, որ Խորվաթիայի բնակիչների 30 տոկոսը «Ֆեյսբուքում» ունի օգտահաշիվներ։










