Sony-ն հետ չի մնում Apple-ից և Samsung-ից. ընկերությունը կթողարկի իր պլանշետները
Ճապոնական Sony կորպորացիան ներկայացրել է իր սեփական պլանշետը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Կորպորացիայի փոխնախագահ Կունիմասա Սուզուկին հայտնել է, որ ընկերությունը մտադիր է պլանշետների արագ աճող շուկայում զբաղեցնել երկրորդ տեղը:
Պլանշետների մոդելները ստացել են S1 և S2 անվանումները և աշխատելու են Android 3.0 գործառնական համակարգով: S1 մոդելը ունի 9,4-դյույմանոց սենսորային էկրան, իսկ S2-ը մեծ էկրանից բացի` ունի նաև 5,5-դյույմանոց էկրան: Sony պլանշետներն մատչում են ապահովում նաև Sony PlayStation-ի խաղերին:
Նշենք, որ ավելի վաղ Sony-ի փոխնախագահը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է իր հիմնական մրցակիցներից էականորեն տարբեր արտադրանք ստեղծել, եթե նույնիսկ դրա համար զգալի ժամանակ պահանջվի:
Ի դեպ` ամերիկյան Apple-ի iPad-ի հաջողությունների հետնապատկերին` պլանշետներ են սկսել թողարկել այլ ընկերություններ ևս, թեև նրանց դեռ չի հաջողվել մոտենալ ամերիկյան կորպորացիայի արձանագրած ցուցանիշներին: Ներկայում Apple-ի հիմնական մրցակիցը հարավկորեական Samsung-ն է` իր Galaxy Tab պլանշետով:
Մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ մինչ 2015թ. պլանշետների շուկան ութ անգամ կաճի` կազմելով $49 մլրդ: Ակնկալվում է, որ էլեկտրոնիկայի ոլորտում պլանշետների շուկան կդառնա երրորդ ամենախոշոր շուկան` հեռուստացույցների և անհատական համակարգիչների շուկայից հետո:










