Twitter–ն այժմ նաև ռուսերեն
Հանրահայտ Twitter ծառայությունն այժմ պաշտոնապես կգործի նաև ռուսերեն և թուրքերեն լեզուներով։
Սոցիալական ցանցի ռուսալեզու տարբերակը պեքտ է որ զգալիորեն ավելացնի նրա հեղինակությունը Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, գրում է «Ռիա նովոստին»։
Ներկայում ծառայությունը գործում է 8 լեզուներով՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն, կորեերեն, թուրքերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ճապոներեն։
Նոր ռուսալեզու տարբերակի թողարկման վերաբերյալ պաշտոնական հայտարարության մեջ է ընդգրկվել նաև ռուսալեզու բլոգերների ցուցակը, որոնց հետ ծանոթանալ ռուսաստանցիներին առաջարկում է Twitter–ի տնօրինությունը։ Ցուցակի մեջ ընդգրկված են այնպիսի բլոգերներ, ինչպիսիք են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, լրագրող Վլադիմիր Սոլովյովը, չմշկասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և հաղորդավար Իվան Ուրգանտը։
Ի դեպ, մարտի 21–ին լրանում է Twitter–ի 5–ամյակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միկրոբլոգների այս սոցիալական ցանցը դիտարկում է ռեսուրսի ինտերֆեյսն ավելի պարզ ու հարմարավետ դարձնելու հնարավորությունը։
Այժմ Twitter–ն աշխարհով մեկ ունի ավելի քան 200 մլն օգտատեր, օրական մոտ 140 մլն նոր թվիթ և 400 աշխատակից։ Սոցիալական ցանցը շարունակում է զարգանալ. օրական այստեղ գրանցվում է 460 հազար նոր օգտատեր։










