Ասանժի կարծիքով՝ Facebook–ն ամենահզոր լրտեսական մեքենան է
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Russia Today հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Facebook սոցիալական ցանցն անվանել է «լրտեսության համար նախատեսված՝ պատմության մեջ մեծագույն գործիքը»։
Նրա կարծիքով՝ Facebook–ը ավտոմատ կերպով հավաքում է կայքում գրանցված օգտատերերի գաղտնի տվյալները, որոնք հետո հայտնվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռքում։
«Facebook–ը մարդու կողմից երբևէ ստեղծված մեծագույն լրտեսական մեքենան է։ Այստեղ մենք գործ ունենք մարդկանց անձնական տվյալների ամենաամբողջական բազայի հետ, միմյանց հետ նրանց հարաբերություններին, անուններին, հասցեներին, անհատական կապերին ու ազգականներին վերաբերող տեղեկությունների հետ»,–ասել է Wikileaks–ի հիմնադիրը և հավելել, որ բոլոր այս տվյալները հասանելի են ամերիկյան հետախուզության համար։
Ասանժի կարծիքով՝ Facebook–ից բացի, նմանատիպ գործառույթ են կատարում նաև Google և Yahoo ծառայությունները։
«Facebook, Google, Yahoo. բոլոր այս խոշոր ամերիկյան ընկերությունները ներդրված ինտերֆեյս ունեն՝ նախատեսված ամերիկյան հետախուզության համար»,–հավաստիացնում է Ասանժը։
Газета.Ru–ն գրում է, որ ներկա պահին Wikileaks–ի հիմնադիրն սպասում է իր՝ Շվեդիա արտահանձնման վերաբերյալ Լոնդոնի դատարանի որոշման բողոքարկման քննությանը։
Ասանժի պաշտպանի կարծիքով՝ Շվեդիան ձգտում է հասնել Ասանժի արտահանձնմանը, որ հետո նրան հանձնի ԱՄՆ–ին. մինչ այժմ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունները չեն կարող գտնել բավարար ապացույցներ նրան լրտեսության մեջ մեղադրելու համար, որի դեպքում մահապատիժ է սպառնում։
Ի դեպ, հարցազրույցում Ասանժն ընդգծելէ, որ Մեծ Բրիտանիան ահաբեկիչների, փախած օլիգարխների ու բռնապետերի ապաստարան է։










