Դիմորդների թիվը քիչ է, բուհերում վարձավճարները չեն բարձրանա. ԳԹԿ-ն տվյալներ ներկայացրեց
Հայաստանի պետական 28 և մասնավոր 48 բուհերի դիմորդները պետք է հանձնեն միասնական քննություն։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը: «Այս տարի ունենք 18 500 վճարովի և 2 428 անվճար տեղ, այսինքն` ընդունվելու համար, որոշ ֆակուլտետներում անվճար սովորելու համար անգամ բավարար է դրական ստանալը»,- նշեց նա:
Նասիբյանը տեղեկացրեց, որ ավարտվել է առաջին փուլի դիմորդների տվյալների ամփոփումը. այս տարի առաջին փուլի քննություն հանձնողների թիվը 1209 է` 320-ը Երևանից, 143-ը Շիրակից, 108 Արմավիրից, 104-ը Արարատից, մյուս շրջաններից դիմորդների թիվը չի գերազանցում 100-ը: «Այս տարի անհամեմատ քիչ են, քանի որ հանրակրթական հաստատությունները շրջանավարտներ չունեն: Այս տարվա դիմորդներն են նախորդ տարիներին բուհերից դուրս մնացած, անցյալ տարի չընդունված, բանակից զորացրված և այս ու նախորդ տարիներին սփյուռքի շրջանավարտները, հեռակա բաժինների կամ մասնավոր բուհերի ուսանողները, որ ցանկանում են ընդունվել պետական, անվճար»,- նշեց նա:
Դիմումների ընդունումն ավարտվել է ապրիլի 10-ին, և քննությունների լրացուցիչ փուլը կկազմակերպվի հունիսի 24-ից հուլիսի 2-ը: Թույլատրվելու է հայտագրել 2 անվճար և 8 վճարովի տեղերի համար: «Եթե 1209 դիմորդ ունենք, դա չի նշանակում, որ բոլորն ընդունվելու են»,- նշեց Նասիբյանը` հավելելով, որ քննությունների ընթացքը հսկվելու է ամենայն խստությամբ:
Դիմորդների միջին տարիքը, ըստ Նասիբյանի, կազմում է 19 տարեկան, սակայն կա նաև 46-ամյա դիմորդ. քիչ չեն նաև այն շրջանավարտները, որոնք միջնակարգ դպրոցն ավարտել են մինչև 2000թ.: «Մի քանի ոչ հասկանալի շրջանավարտ կա, որ դիմում հայտերում նշել է բոլոր առարկաներից քննություն հանձնելու պատրաստակամություն, կամ ասենք, հայերեն գրավոր և բանավոր, մաթեմատիկա, ֆիզիկա: Եթե ցանկություն ունի հանձնելու միասնական քննություն, մենք ոչինչ չենք կարող ասել, կարող է հանձնել, սակայն դժվար է հասկանալ` ինչ մասնագիտությամբ է ուզում սովորել այս դիմորդը»,- ասաց նա` հավելելով, որ գերակշռող են նպատակաուղղված դիմորդները:
«Լուրեր կան, թե լինելու են հեշտ քննություններ,- ասաց նա,- սակայն միասնական քննություն տվողների թիվն այնքան քիչ է, որ ընդամենը 11 քննական կենտրոններ կան, որտեղ լինելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցներ: Եթե նախորդ տարիներին կային 41-55 գնահատման կենտրոններ, և մենք դրսից ստիպված էինք լինում հրավիրել մասնագետներ, ապա այս տարի մեր մասնագետները լիովին կարող են հետևել բոլոր քննություններին»:
Ըստ Նասիբյանի` նախորդ տարվա` սերտիֆիկատ ստացած դիմորդներին թույլատրվում է մասնակցել քննության, բայց եթե ստանա անբավարար գնահատական, նա չի կարող շարունակել:
Անդրադառնալով քննական թեստերը կազմող մասնագետներին` նա նշեց, որ գործում ընդգրկվել են լավագույն մասնագետները, այս տարի ընդգրկվել է նաև փորձագետ:
Նասիբյանը բացառեց բուհերի վարձավճարների բարձրանալու հնարավորությունը. «Եթե բուհերի ռեկտորները ճիշտ քաղաքականություն վարեն, այս տարի գները կիջեցնեն»,- նշեց նա:










