Odnoklassniki.ru-ն սկսել է պարգևատրել նկարների մոդերատորներին
Odnoklassniki.ru սոցցանցի օգտագործողներն այժմ կարող են ծախսել այն միավորները, որոնք վաստակել են նկարների մոդերատորություն անելով:
2007թ. սոցցանցի ադմինիստրացիան օգտագործողներին ներգրավեց լուսանկարների մոդերատորության մեջ: Կայքի օրենքներով՝ արգելվում է տեղադրել այնպիսի նկարներ, որտեղ չի երևում օգտագործողի դեմքը կամ առանց ծնողների երեխաներ են, կենդանիներ, առարկաներ, հայտնի մարդիկ, մուլտֆիլմի հերոսներ, գովազդներ: Արգելվում է նաև տեղադրել էրոտիկա կամ պոռնոգրաֆիա պարունակող, ինչպես նաև օգտագործողներին վիրավորող բովանդակությամբ նկարներ: Կամավոր օգտագործողները, որոնք մասնակցում էին մոդերատորությանը, ստանում էին միավորներ, սակայն դրանք հնարավոր չէր ինչ-որ կերպ օգտագործել:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, մայիսի 5-ին սոցցանցում ավելացվել է նոր բաժին՝ «Аукционы», որի օգնությամբ օգտագործողները կարող են իրենց միավորները փոխանակել վճարովի ծառայություններով: Օրինակ՝ «աճուրդում» կարելի է գնել «5+» գնահատելու հնարավորությունը և այլն:
LiveInternet-ի տվյալների համաձայն՝ սոցցանցի ամենօրյա լսարանը 2011թ. ապրիլի դրությամբ կազմում է 20 մլն օգտագործող, մինչդեռ 2010թ-ի հունիսին այս ցուցանիշն ընդամենը 8մլն էր:
Այսօրվա դրությամբ Odnoklassniki.ru-ում գրանցված է 50 մլն օգտագործող, Vkontakte.ru-ում՝ 95 մլն, իսկ աշխարհի ամենամեծ սոցցանց Facebook-ում՝ ավելի քան 670 մլն օգտագործող:










