ԱՄՆ-ը 19 մլն դոլար կհատկացնի Իրանում և Չինաստանում ինտերնետային գրաքննության դեմ պայքարի համար

11:19 • 11.05.11

ԱՄՆ-ը 19 մլն դոլար կհատկացնի Իրանում, Չինաստանում և այլ երկրներում ինտերնետային գրաքննության դեմ պայքարելու համար, որտեղ մուտքը համաշխարհային ցանց վերահսկվում է իշխանությունների կողմից։ Պետքարտուղարի օգնական Մայքլ Պոզները հայտարարել է, որ միջոցներ կհատկացվի առաջատար տեխնոլոգիաների մշակման համար, որոնք հնարավորություն կտան գտնել տարբեր երկրներում արգելափակված կայքերը և հանել արգելքը։

Անցյալ տարվա հունիսին ինտերնետային հսկա Google-ը դիմել էր ԱՄՆ և եվրոպական երկրների կառավարությանը՝ խնդրելով ճնշում գործադրել Չինաստանի վրա և հանել ինտերնետային գրաքննությունը։ Google-ի ներկայացուցիչների կարծիքով՝ դա ազատ առևտրի կանոնների խախտում է։ Մասնավորապես ընկերությունը դժգոհել է Facebook, YouTube, Google Docs և Blogger կայքերի արգելափակումներից։

Վերջին տարիներին Չինաստանը գլխավորում է ինտերնետային գրաքննություն անցկացնող պետությունների ցուցակը. կիբերոստիկանության խումբը հսկում և սահմանափակում է իշխանություններին անհաճո ռեսուրսները։

Նմանատիմ իրավիճակ է տիրում նաև Իրանում։ Ինտերնետ վերահսկողության կոշտ միջոցներ են ձեռնարկում նաև Մյանմարը, Սիրիան, Թունիսը, Վիետնամը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, ԱՄԷ-ն, Եմենը։
 

ԱՄՆ-ը 19 մլն դոլար կհատկացնի Իրանում և Չինաստանում ինտերնետային գրաքննության դեմ պայքարի համար